Հաստատված է՝
«Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊ ընկերության միակ մասնակցի
11.08.2025թ. որոշմամբ
«ԴԻՋԻԹԱԼ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՀՀ, ք․ Երևան, 2025թ․
Բովանդակություն
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ..
Հոդված 1. Արբիտրաժային դատարանը.
Հոդված 4. Առարկելու իրավունքից հրաժարվելը.
Հոդված 5․ Համակարգչային ծրագիր.
Հոդված 6․ Փաստաթղթերի ներկայացման կարգ.
ԲԱԺԻՆ 2․ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՍԿԻԶԲԸ.
Հոդված 7․ Արբիտրաժ իրականացնելու պահանջը.
Հոդված 8․ Հայցադիմումի ձևը և բովանդակությունը.
Հոդված 10․ Հայցադիմումի պատասխանը.
Հոդված 11. Հակընդդեմ հայց ներկայացնելը.
Հոդված 12․ Հայցի հիմքը և առարկան փոփոխելը.
Հոդված 13․Արբիտրաժային գործերի միացում.
ԲԱԺԻՆ 3. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԸ.
Հոդված 14․Արբիտրաժային տրիբունալի ձևավորումը.
Հոդված 15․Արբիտրներին ներկայացվող պահանջներ.
Հոդված 16․Արբիտրի գործունեության սկզբունքները.
Հոդված 17․Արբիտրին բացարկ հայտնելու հիմքերը.
Հոդված 18․Արբիտրի բացարկման ընթացակարգը.
Հոդված 19․Արբիտրի պարտականությունների կատարման անհնարինությունը կամ չկատարումը.
Հոդված 20․ Արբիտրի փոխարինումը.
ԲԱԺԻՆ 4. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ.
Հոդված 21․Արբիտրաժային տրիբունալի` իր իրավասության վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը.
ԲԱԺԻՆ 5. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹ..
Հոդված 22. Գործի նյութերի փոխանցումը արբիտրաժային տրիբունալին.
Հոդված 24. Արբիտրաժային վարույթի լեզուն.
Հոդված 25․ Վարույթի կանոնները.
Հոդված 27․ Արբիտրաժային գործի քննության ժամկետը.
Հոդված 28․ Արբիտրաժային վարույթի գաղտնիությունը.
Հոդված 29․ Կողմերի ներկայացուցչությունը.
Հոդված 30․ Լրացուցիչ կողմերի ներգրավումը.
Հոդված 31․ Ծանուցումը և ժամկետների հաշվարկը.
Հոդված 32․ Ապացույցները և դատական աջակցությունն ապացույցներ ձեռք բերելիս.
Հոդված 33․ Արբիտրաժային ծախսերը.
Հոդված 34. Գործի նախապատրաստումը արբիտրաժային վարույթին.
Հոդված 35․ Գործի լսումները և փաստաթղթային վարույթը.
Հոդված 37․ Բանավոր լսումների արձանագրումը.
Հոդված 38․ Գործի քննության հետաձգումը և վարույթի կասեցումը.
Հոդված 39․ Հայցի ապահովման միջոցները և նախնական կարգադրություններ.
Հոդված 40․Նախնական կարգադրության ընթացակարգը.
ԲԱԺԻՆ 6․ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՎԱՐՏԸ.
Հոդված 41․ Արբիտրաժի վերջնական որոշումը.
Հոդված 42․ Արբիտրաժային տրիբունալի վճռի ձևը և բովանդակությունը.
Հոդված 43․ Հաշտության համաձայնությունը.
Հոդված 44․ Վճռի ուղղումը և մեկնաբանումը, լրացուցիչ վճիռը.
Հոդված 45․ Առանձին արբիտրաժային որոշում.
Հոդված 47․ Արբիտրաժային տրիբունալի վճռի կատարումը.
Հավելված 1 «ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳ
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Արբիտրաժային դատարանը
- «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մշտապես գործող արբիտրաժային դատարանը (այսուհետ՝ Արբիտրաժային դատարան), ինքնուրույն, մշտապես գործող Արբիտրաժային դատարան է, որը գործում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ նաև՝ Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին, սույն կանոնակարգին (այսուհետ՝ Կանոնակարգ) և այլ իրավական ակտերին համապատասխան:
- Արբիտրաժային դատարանն ունի Արբիտրաժային դատարանի նախագահ, Քարտուղարություն։
- Արբիտրաժային դատարանն ինքնին չի լուծում վեճերը։ Այն զբաղվում է արբիտրաժային գործերի վարմամբ, որոնք լուծվում են արբիտրաժային տրիբունալների կողմից սույն «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊ ընկերությանը կից մշտապես գործող արբիտրաժային դատարանի Արբիտրաժային կանոնակարգին համապատասխան:
Հոդված 2․ Հասկացությունները
- «Արբիտրաժային համաձայնություն» Արբիտրաժային համաձայնությունը պայմանագրային կամ ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված համաձայնությունն է` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերն արբիտրաժի լուծմանը հանձնելու վերաբերյալ: Արբիտրաժային համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում արբիտրաժային վերապահման, այնպես էլ առանձին պայմանագրի (արբիտրաժային համաձայնագրի) ձևով:
- «արբիտրաժային տրիբունալը»ներառում է մեկ կամ մի քանի արբիտրների,
- «Քարտուղարություն»նշանակում է Արբիտրաժային հաստատության քարտուղարությունը,
- «Հայցվոր»նշանակում է մեկ կամ մի քանի հայցվորներ,
- «Պատասխանող» նշանակում է մեկ կամ մի քանի պատասխանողներ,
- «Երրորդ անձ»նշանակում է մեկ կամ մի քանի երրորդ անձ,
- «Կողմ կամ կողմեր»նշանակում է հայցվորը, պատասխանողը, լրացուցիչ ներգրավված կողմը,
- «Համակարգչային ծրագիր»նշանակում է կողմերին գործերի ընթացքի մասին տեղեկատվության տրամադրումն ապահովող համակարգչային ծրագիր,
- «Պահանջ»կամ «Պահանջներ» ներառում է որևէ կողմի ցանկացած պահանջ, հայցապահանջ այլ կողմի դեմ,
- «Օր» նշանակում է աշխատանքային օր,
- «Գրավոր հաղորդակցություն» ներառում է ցանկացած տեսակի փաստաթղթերը, օրինակ՝ ծանուցումներ, միջնորդություններ, հայտարարություններ, կարգադրություններ և վճիռներ, որոնք ներկայացվել կամ փոխանակվել են կողմերի, արբիտրաժային տրիբունալի կամ Քարտուղարության միջև:
Հոդված 3. Իրավասությունը
1․Արբիտրաժային դատարանի իրավասությանը ենթակա են առևտրային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև ոչ առևտրային հարաբերություններից բխող այն վեճերը, որոնց լուծումը կողմերը վերապահել են արբիտրաժային դատարանին՝ այդ մասին կնքելով արբիտրաժային համաձայնություն:
Առևտրային են համարվում քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող առևտրային բնույթի բոլոր վեճերը: Առևտրային բնույթը, առանց սահմանափակման, մասնավորապես ներառում է․
- բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված գործարքներից բխող կամ դրանց հետ կապված վեճերը,
- ապրանքների մատակարարման և փոխանակման ու ծառայությունների մատուցման,
- առևտրային ներկայացուցչության կամ գործակալության,
- ֆակտորինգի,
- վարձակալության,
- լիզինգի,
- աշխատանքների կատարման,
- խորհրդատվության,
- նախագծման,
- լիցենզային,
- ներդրման,
- ֆինանսավորման,
- ապահովագրության,
- շահագործման կամ կոնցեսիայի,
- համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձևերի,
- ծովային,
- օդային,
- երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները։
2․ Արբիտրաժային դատարանի լուծմանը կարող են հանձնվել նաև աշխատանքային վեճերը, եթե աշխատողի և գործատուի միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված է վեճն արբիտրաժին հանձնելու հնարավորություն։Ընդ որում, աշխատանքային վեճերը Արբիտրաժային դատարանի լուծմանը կարող են հանձնվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով։Արբիտրաժային համաձայնությունը չի սահմանափակում աշխատողի աշխատանքային պայմանագրից բխող վեճը դատարան հանձնելու իրավունքը, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը։
3․ Արբիտրաժային դատարանի լուծմանը կարող են հանձնվել նաև ամուսինների ընդհանուր գույքը բաժանելու հետ կապված վեճերը՝ ամուսինների փոխադարձ համաձայնությամբ կնքված արբիտրաժային համաձայնության հիման վրա, եթե ամուսինների ընդհանուր գույքի բաժանումը չի շոշափում երրորդ անձանց շահերը:
Ընդ որում, ընդհանուր գույքը բաժանելու հետ կապված վեճն Արբիտրաժային դատարանում լուծելու հնարավորությունը կարող է նախատեսվել նաև ամուսնական պայմանագրով: Արբիտրաժային համաձայնությունը չի սահմանափակում ամուսնու գույքը բաժանելու հետ կապված վեճը ընդհանուր իրավասության դատարան դիմելու իրավունքը, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը։
Հոդված 4. Առարկելու իրավունքից հրաժարվելը
- Եթե կողմը շարունակում է մասնակցել արբիտրաժային վարույթին՝ առանց անհարկի ձգձգումների չներկայացնելով առարկություններ Կանոնակարգի կամ արբիտրաժային վարույթի նկատմամբ կիրառվող որևէ այլ դրույթի խախտման կամ չպահպանման, արբիտրաժային տրիբունալի կողմից տրված որևէ հանձնարարության կամ արբիտրաժային տրիբունալի ձևավորման կամ վարույթի անցկացման հետ կապված արբիտրաժային համաձայնության որևէ պահանջի չպահպանման վերաբերյալ, ապա համարվում է, որ տվյալ կողմը հրաժարվում է առարկելու իր իրավունքից:
Հոդված 5․ Համակարգչային ծրագիր
- Հատուկ համակարգչային ծրագիրը նախատեսված է Կանոնակարգով սահմանված դեպքում անաչառության և անկողմնակալության սկզբունքների պահպանմամբ արբիտրների անվանացուցակից պատահական ընտրության սկզբունքով արբիտր նշանակելու, Արբիտրաժային դատարան մուտքագրված գործերի ընթացքը ապահովելու, որոշումներ և վճիռներ կայացնելու, արբիտրաժային վարույթին առնչվող և այլ անհրաժեշտ փաստաթղթաշրջանառություն ապահովելու համար։
- Համակարգչային ծրագիր մուտք գործելու համար կիրառվում է երկու եղանակ․
- Պարզեցված եղանակ՝ անուն-գաղտնաբառ (login-password)ռեժիմով,
- Բարձր անվտանգության ռեժիմով՝ նույնականացման քարտի միջոցով։
- Էլեկտրոնային եղանակով հայցադիմումները կազմվում և ուղարկվում են վեբկայք մուտք գործելով և անհրաժեշտ տեղեկատվության լրացմամբ կամ գործերի ավտոմատ ներբեռնմամբ։
- Էլեկտրոնային եղանակով ներկայացված հայցադիմումների ձևական պայմանները ստուգվում են Արբիտրաժային դատարանի քարտուղարության կողմից, որից հետո ձևավորվում է արբիտրաժային տրիբունալը։
Հոդված 6․ Փաստաթղթերի ներկայացման կարգ
- Եթե Կանոններում այլ բան նախատեսված չէ, ցանկացած կողմի բոլոր միջնորդությունները և գրավոր այլ հաղորդակցություններն, ինչպես նաև դրանց կցված բոլոր փաստաթղթերը պետք է ուղարկվեն յուրաքանչյուր կողմին, յուրաքանչյուր արբիտրին և Քարտուղարությանը: Արբիտրաժային տրիբունալի՝ կողմերին ուղարկվող ցանկացած ծանուցման կամ հաղորդակցության կրկնօրինակը (cc, պատճենը) պետք է ուղարկվի նաև Քարտուղարությանը:
Կողմի ուղարկած բոլոր փաստաթղթերը և այլ գրավոր հաղորդակցությունները, ինչպես նաև դրանց կից փաստաթղթերը պետք է ներկայացվեն օրինակների այնպիսի քանակով, որը բավարար կլինի յուրաքանչյուր կողմին, ինչպես նաև յուրաքանչյուր արբիտրին և Քարտուղարությանը մեկական օրինակ տրամադրելու համար։ Սույն կետի պահանջը չի գործում այն դեպքում, երբ կողմը փաստաթղթերը (այդ թվում՝ հայցադիմումը) և այլ հաղորդակցությունը ներկայացնում է էլեկտրոնային կրիչով, տեղադրում է Համակարգչային ծրագրում կամ ուղարկում է Էլեկտրոնային փոստի հասցեին։
Գրավոր հաղորդակցությունն ուղարկվում է կողմի՝ արբիտրաժային համաձայնության մեջ կամ այն պայմանագրում սահմանված ծանուցման հասցեին (այդ թվում՝ էլեկտրոնային), որին հղում է կատարվել արբիտրաժային համաձայնագրում կամ արբիտրաժային վերապահում նախատեսող պայմանագրում, եթե կողմերի համաձայնությամբ արբիտրաժային վարույթի շրջանակներում հաղորդակցության իրականացման համար այլ հասցեներ չեն սահմանվել։
Կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում գրավոր հաղորդակցությունը կատարվում է պատվիրված նամակով սուրհանդակային կապով, առձեռն փոխանցմամբ, Համակարգչային ծրագրում տեղադրելով կամ էլեկտրոնային փոստով։
Էլեկտրոնային գործերով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման կայացմամբ պատասխանողին է տրամադրվում նաև Համակարգչային ծրագիր մուտք գործելու, գործի նյութերին ծանոթանալու և փաստաթղթեր տեղադրելու հնարավորությունն ապահովող ծածկանուն և գաղտնաբառ։
Հասցեների փոփոխության դեպքում կողմերը պարտավոր են տրամադրել նոր հասցեն: Այս պարտավորության խախտման դեպքում հաղորդակցությունն ուղարկվում է կողմի՝ վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված` անկախ հասցեատիրոջ կողմից այն փաստացի ստանալու հանգամանքից։
Փաստաթղթերը, ծանուցումները և այլ հաղորդակցությունը Քարտուղարության և կողմերի կողմից համարվում են ստացված նաև Համակարգչային ծրագրում դրանց տեղադրմանը հաջորդող աշխատանքային օրը, իսկ եթե մինչ այդ Քարտուղարությունը համապատասխան կողմերին դեռևս չի տրամադրել Համակարգչային ծրագիր մուտք գործելու, գործի նյութերին ծանոթանալու և փաստաթղթեր տեղադրելու հնարավորությունն ապահովող ծածկանուն և գաղտնաբառ, ապա ծածկանունը և գաղտնաբառը բոլոր կողմերին տրամադրելուն հաջորդող աշխատանքային օրը։
ԲԱԺԻՆ 2․ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՍԿԻԶԲԸ
Հոդված 7․ Արբիտրաժ իրականացնելու պահանջը
1․ Արբիտրաժային վարույթը սկսվում է «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊ ընկերության արբիտրաժային դատարան հայց ներկայացնելով։
2․ Հայց ներկայացնելու ժամկետը համարվում է հայցադիմումն արբիտրաժային դատարան հանձնելու օրը կամ էլեկտրոնային համակարգով մուտք անելու օրը, իսկ հայցադիմումը փոստով ուղարկելու դեպքում՝ փոստային մարմնի դրոշմակնիքի ամսաթվի օրը։
Հոդված 8․ Հայցադիմումի ձևը և բովանդակությունը
- Հայցադիմումը ներկայացվում է գրավոր, ընթեռնելի և պետք է ներկայացվի Արբիտրաժային դատարան արբիտրաժային վարույթի Կողմերին համապատասխան քանակից մեկ օրինակ ավել բացառությամբ էլեկտրոնային համակագրով մուտքագրված գործերի
- Հայցադիմումում պետք է նշվի
1) արբիտրաժային դատարանի անվանումը.
2) հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ՝ անձնագրային տվյալներ), հայցվոր իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն, իսկ եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը՝ նաև այդ անձի անունը, պաշտոնը,
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն,
4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն,
5) այն փաստերը և ապացույցները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները,
6) դրամական պահանջի դեպքում` պահանջվող կամ վիճարկվող գումարի չափը և հաշվարկը,
7) պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ,
8 ) արբիտրաժային դատարանի իրավասության հիմնավորումները՝ կատարելով հղում արբիտրաժային համաձայնության վրա.
9) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը.
- Հայցադիմումում կարող են նշվել
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են հայցի հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
3) հայցվորի միջնորդությունները.
4) արբիտրաժային համաձայնությամբ և/կամ Կանոնակարգով նախատեսված դեպքերում այն արբիտրի անունը և ազգանունը, որին ընտրել է հայցվորը
5) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
6) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը
7) հայցվորի կամ հայցվորի ներկայացուցչի հեռախոսահամարը:
- Հայցադիմումը ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը։
- Հայցադիմումին կից ներկայացվում է՝
ա/ արբիտրաժային համաձայնության բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացված պատճենը.
բ/ Կանոնակարգի անբաժանելի մասը հանդիսացող Հավելված 1-ով սահմանված կարգով հաշվարկված արբիտրաժային վճարի վճարումը հավաստող ապացույց․
գ/ հայցապահանջը հիմնավորող ապացույցները.
դ/ հայցվորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
ե/ լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը, եթե հայցվորը հանդես է գալու ներկայացուցչի միջոցով, և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
զ/ հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները՝ գործին մասնակցող անձանց թվին համապատասխան։
- Կանոնակարգի պահանջների խախտմամբ ներկայացված հայցադիմումը Արբիտրաժային դատարանը վերադարձնում է հայցվորին առաջարկելով 5 (հինգ) օրյա ժամկետում վերացնելու հայտնաբերված թերությունները։Նշված ժամկետի խախտման դեպքում գործը կհամարվի ավարտված, ինչը, սակայն, չի սահմանափակի հայցվորի՝ հայցը հետագայում ներկայացնելու իրավունքը։
Հոդված 9. Հայցագնի որոշումը
1.Հայցագինը որոշվում է՝
ա/դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով՝ պահանջվող գումարի չափից,
բ/հաշվեգրվող տոկոսների բռնագանձման պահանջներով՝ հաշվեգրված և բռնագանձման ենթակա տոկոսի գումարի չափից։
2.Մի քանի ինքնուրույն պահանջներով հայցերի դեպքում հայցագինը որոշվում է բոլոր պահանջների ընդհանուր գումարի չափից։
3.Հայցագնի մեջ չեն ներառվում գործի քննության հետ կապված լրացուցիչ ծախսերը։
4.Արբիտրաժային վճարի հաշվարկման կարգը սահմանվում է Կանոնակարգի անբաժանելի մաս համարվող «Արբիտրաժային ծախսերի կարգը» Հավելված 1-ով։
Հոդված 10․ Հայցադիմումի պատասխանը
- Արբիտրաժային դատարանի կողմից հայցադիմումի օրինակը և արբիտրաժային տրիբունալի Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվում են պատասխանողին՝ վերջինիս պարզաբանելով հայցադիմումի պատասխան ներկայացնելու և հայցադիմումին կից ներկայացված և Արբիտրաժային դատարանում դեպոնացված հայցադիմումին կցված փաստաթղթերին ծանոթանալու մասին։
- Պատասխանողը հայցադիմումը ստանալու օրվանից 5 (հինգ) օրվա ընթացքում գրավոր՝ Կանոնակարգի 24-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ, կարող է Արբիտրաժային դատարան ներկայացնել հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը՝ պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` Արբիտրաժային դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը։
- Եթե պատասխանողը ցանկանում է առարկություններ ներկայացնել արբիտրաժային համաձայնության վավերության կամ կիրառելի լինելու վերաբերյալ, ապա վերջինս պարտավոր է այդ մասին շարադրել Արբիտրաժային դատարանին ուղղված իր հայցադիմումի պատասխանի մեջ՝ միաժամանակ նշելով հիմնավորումները։
4.1 Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի՝
- Արբիտրաժային դատարանի անվանումը, արբիտրաժային գործի համարը,
- պատասխանողի անունը /անվանումը, հաշվառման /գտնվելու/ հասցեն, ծանուցման հասցեն /եթե այն տարբերվում է հաշվառման /գտնվելու/ հասցեից/, պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, ինչպես նաև առկայության դեպքում հեռախոսային և ֆաքսիմիլային կապի համարները և էլեկտրոնային փոստի հասցեները վերջիններիս առկայության դեպքում/,
- գործին մասնակցող այլ անձանց անունը /անվանումը,
- հայցադիմումում ներկայացված պահանջը՝ ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը,
- հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,
- պատասխանի /առարկությունների/ հիմքում դրված փաստերը,
- հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
4․2 հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին ուղարկելու հանձնելու փաստը հիմնավորող ապացույցը:
- Հայցադիմումի պատասխանում կարող են նշվել՝
- վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը,
- այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված,
- պատասխանողի միջնորդությունները,
- այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
- Էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
- Կանոնակարգով նախատեսված դեպքերում այն արբիտրի անունը և ազգանունը, որին ընտրել է պատասխանողը։
- դիրքորոշում արբիտրաժային գործը Արբիտրաժային դատարան հանձնելու վերաբերյալ,
- Հայցադիմումի պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։ Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
- Պատասխանողի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում հայցադիմումի վերաբերյալ համապատասխան դիրքորոշում /պատասխան, առարկություն, հակընդդեմ հայց միջնորդություն/ չներկայացնելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ արբիտրաժային տրիբունալի կողմից արբիտրաժային վարույթը շարունակելու և գործով վճիռ կայացնելու համար։ Դիրքորոշում չներկայացնելը ինքնին չի դիտարկվում որպես պատասխանողի կողմից հայցի հիմքում դրված փաստերի ընդունում։
Հոդված 11. Հակընդդեմ հայց ներկայացնելը
- Պատասխանողը, հայցադիմումը ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իրավասու է Արբիտրաժային դատարան հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ սկզբնական հայցով հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
- Պատասխանողի կողմից հակընդդեմ հայցը կարող է ներկայացվել, եթե
1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.
2) հակընդդեմ հայցի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը:
- Հակընդդեմ հայցը ներկայացվում , վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող՝ Կանոնակարգի 8-րդ հոդվածով նախատեսված կարգով։
4․ Հակըննդեմ հայցը չի կարող վարույթ ընդունվել եթե այն դուրս է արբիտրաժային համաձայնությամբ սահմանված վեճերի շրջանակից:
- Պատասխանողի կողմից հակընդդեմ հայց ներկայացվելու դեպքում հայցվորը հայցը ստանալուց հետո 5 (հինգ) օրվա ընթացքում կարող է Արբիտրաժային դատարան ներկայացնել հակընդդեմ հայցի պատասխանը և բոլոր այն ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր առարկությունների հիմքում ընկած հանգամանքները Կանոնակարգի 10-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան։
Հոդված 12․ Հայցի հիմքը և առարկան փոփոխելը
- Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային վարույթի ընթացքում՝ մինչև արբիտրաժային տրիբունալի կողմից գործի քննությունն ավարտը յուրաքանչյուր կողմ կարող է փոփոխել կամ լրացնել իր հայցը կամ պատասխանը, նվազեցնելու կամ ավելացնելու հայցապահանջների չափը:
- Հայցի առարկան կամ հիմքը փոփոխելու, հայցապահանջների չափը նվազեցնելու կամ ավելացնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու որշումը ստանալուց հետո արբիտրաժային տրիբունալը պատասխանողին տրամադրում է 5 (հինգ ) օր՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելու համար։
- Հայցվորը պարտավոր է հայցապահանջը ավելացնելու վերաբերյալ միջնորդությանը կից Արբիտրաժային դատարան ներկայացնել նաև հայցապահանջի ավելացված մասին համապատասխանող Կանոնակարգի անբաժանելի մասը հանդիսացող Հավելված 1-ով սահմանված կարգով հաշվարկված արբիտրաժային վճարի վճարումը հավաստող ապացույց։
Հոդված 13․Արբիտրաժային գործերի միացում
- Արբիտրաժային դատարանի նախագահը, կողմերի պահանջով, կարող է սույն Կանոնակարգի հիման վրա քննվող երկու կամ ավելի արբիտրաժային գործերը միացնել մեկ արբիտրաժային վարույթում, եթե.
(1) կողմերը համաձայնել են միացմանը, կամ
(2) արբիտրաժային գործերում ներկայացված բոլոր պահանջները հիմնված են նույն
արբիտրաժային համաձայնության կամ համաձայնությունների վրա, կամ
(3) արբիտրաժային գործերում ներկայացված բոլոր պահանջները հիմնված չեն նույն արբիտրաժային համաձայնության կամ համաձայնությունների վրա, սակայն արբիտրաժային գործերի կողմերը նույնն են, արբիտրաժային վարույթների վեճերը ծագել են նույն իրավահարաբերությունների հետ կապված, և Արբիտրաժային դատարանի նախագահը գտնում է, որ արբիտրաժային համաձայնությունները համատեղելի են:
- Արբիտրաժային գործերը միացնելու որոշում կայացնելիս Արբիտրաժային դատարանի նախագահը կարող է հաշվի առնել ցանկացած հանգամանք, որը համարում է վերաբերելի,
ներառյալ՝ արդյոք մեկ կամ մի քանի արբիտրներ են հաստատվել կամ նշանակվել մեկից ավելի արբիտրաժային գործերում, և եթե այդպես է, արդյոք նույն թե տարբեր անձինք են հաստատվել կամ նշանակվել։
- Արբիտրաժային գործերը միացվում են այն արբիտրաժային վարույթում, որն առաջինն է հարուցվել, եթե բոլոր կողմերն այլ բան չեն համաձայնեցրել:
ԲԱԺԻՆ 3. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԸ
Հոդված 14․Արբիտրաժային տրիբունալի ձևավորումը
- Վեճերը լուծվում են միանձնյա արբիտրի կամ կոլեգիալ արբիտրներից կազմված տրիբունալի կողմից:
- Կողմերը կարող են որոշել արբիտրների թիվը, սակայն արբիտրների քանակը միշտ պետք է լինի կենտ: Այն դեպքում, երբ կողմերը համաձայնության չեն եկել արբիտրների թվի վերաբերյալ, վեճը պետք է լուծվի միանձնյա արբիտրի կողմից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վեճի բարդության պատճառով Արբիտրաժային դատարանի նախագահը գտնում է, որ գործը պահանջում է կոլեգիալ արբիտրների նշանակում:
- Կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում՝ մինչև 25 (քսանհինգ) միլիոն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժութային գումարի բռնագանձման պահանջներով վեճը քննող արբիտրաժային տրիբունալը ձևավորվում է միաձնյա արբիտրի կազմով, ով նշանակվում է էլեկտրոնային համակարգի միջոցով պատահական ընտրության սկզբունքով կամ Արբիտրաժային դատարանի նախագահի կողմից` Արբիտրաժային դատարանի արբիտրների անվանացանկում ընդգրկված արբիտրների կազմից՝ հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները և արբիտրների ծանրաբեռնվածությունը։
- Վեճը քննող միանձնյա արբիտրաժային տրիբունալի նախագահողի թեկնածության դեմ արբիտրաժային համաձայնություն կնքած Կողմերից թեկուզև մեկի կողմից Կանոնակարգի 10-րդ հոդվածով սահմանված ժամկետում առարկություններ ներկայացնելու դեպքում՝ վեճը քննող միանձնյա արբիտրաժային տրիբունալի նախագահող էդառնում դատարանի նախագահի կամ հատուկ համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրության սկզբունքով նշանակված արբիտրը։ Այս դեպքում արբիտրաժային գործը եռօրյա ժամկետում փոխանցվում է միանձնյա արբիտրաժային տրիբունալի նոր նախագահողին։
- Եթե հայցվորը մինչև գործն արբիտրաժային վարույթ ընդունելը նշանակել է արբիտր, ապա տվյալ արբիտրը դառնում է արբիտրաժային տրիբունալի նախագահող միանձնյա արբիտր, եթե պատասխանողը վեճը տվյալ արբիտրի կողմից լուծելու մասին ծանուցումը պատշաճ ստանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում առարկություն չի ներկայացնում արբիտրաժային տրիբունալի նախագահողի թեկնածության դեմ։ Պատասխանողի կողմից սահմանված ժամկետում առարկություն ներկայացնելու դեպքում վեճը քննող միանձնյա արբիտր է դառնում հատուկ համակարգչային ծրագրով պատահական ընտրության սկզբունքով նշանակված արբիտրը։
- Երեք արբիտրների կազմով արբիտրաժային տրիբունալի ձևավորման դեպքում հայցվորը/հայցվորները/ և պատասխանողը/պատասխանողները/ նշանակում են սույն Արբիտրաժային դատարանի ցանկում ներառված մեկական արբիտր և Կողմերի կողմից նշանակված արբիտրները՝ Արբիտրաժային դատարանի համապատասխան ծանուցումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Արբիտրաժային դատարանի արբիտրների անվանացանկում ընդգրկված արբիտրների կազմից ընտրում են երրորդ արբիտրին։ Նշված ժամկետում Կողմերի ընտրած արբիտրների կողմից երրորդ արբիտր չընտրվելու դեպքում՝ վերջինս նշանակվում է Արբիտրաժային դատարանի նախագահի կողմից կամ հատուկ համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրության սկզբունքով՝ Արբիտրաժային դատարանի արբիտրների անվանացանկում ընդգրկված արբիտրների կազմից։
- Եթե հայցվորը մինչև հայցադիմումը վարույթ ընդունելը չի ներկայացնում իր կողմից արբիտրների անվանացուցակից ընտրված արբիտրի թեկնածու, իսկ պատասխանողը հայցադիմումը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում չի ներկայացնում արբիտրների անվանացուցակից արբիտրի թեկնածու, ապա՝ արբիտրին նշանակում է Արբիտրաժային դատարանի նախագահը կամ հատուկ համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրության սկզբունքով՝ Արբիտրաժային դատարանի արբիտրների անվանացանկում ընդգրկված արբիտրների կազմից։
- Եթե կողմերը որպես արբիտր ընտրում են Արբիտրաժային դատարանի արբիտրների անվանացանկում ընդգրկված միևնույն արբիտրին, ապա վեճը քննող արբիտրաժային տրիբունալը ձևավորվում է միանձնյա արբիտրի կազմով։ Կողմերը կարող են նաև դիմում/միջնորդություն/ ներկայացնել, որպեսզի արբիտրին նշանակի Արբիտրաժային դատարանի նախագահը։
- Արբիտրաժային տրիբունալն իր ձևավորումից հետո եռօրյա ժամկետում, որոշում է ընդունում արբիտրաժային գործը վարույթ ընդունելու մասին: Եթե Կանոնակարգի 20-րդ հոդվածով սահմանված կարգով տեղի է ունենում արբիտրաժային տրիբունալի փոփոխություն, ապա արբիտրաժային գործը վարույթ ընդունելու մասին լրացուցիչ որոշում ընդունելը պարտադիր չէ:
Հոդված 15․Արբիտրներին ներկայացվող պահանջներ
- Արբիտր կարող են լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող (պետական կամ հավատարմագրված կամ միջազգային ԲՈՒՀ-երի դիպլոմավորված կամ մագիստրոսի կոչումով), առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող գործունակ ֆիզիկական անձինք:
Արբիտր չի կարող լինել դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված, հանցագործություն կատարելու համար դատապարտված անձը, ինչպես նաև այն անձը, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
Հոդված 16․Արբիտրի գործունեության սկզբունքները
- Արբիտրաժային վարույթի ընթացքում արբիտրը պարտավոր է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով.
ա/ հարգել օրենքը և ենթարկվել օրենքին,
բ/ ապահովել արդարությունը և անկողմնակալությունը.
գ/ բացահայտել ցանկացած շահ կամ հարաբերություն, որը հնարավոր է, որ բացասաբար անդրադառնա արբիտրաժային տրիբունալի անկողմնակալության վրա.
դ/ ապահովել հավասար, հարգալից և անկողմնակալ վերաբերմունք արբիտրաժի Կողմերի և մասնակիցների նկատմամբ.
ե/ արբիտրաժի Կողմերին և մասնակիցներին բացատրել արբիտրաժի լիազորություններն ու արբիտրաժի կանոնները.
զ/ պահպանել արբիտրաժի վարույթի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը,
է/ զերծ մնալ ոչ պատշաճ վարքագծից
ը/ ղեկավարվել արդարության, օրինականության և ազնվության սկզբունքներով:
- Արբիտրը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով ապահովել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սկզբունքների իրականացումը:
- Արբիտրը պարտավոր է մասնակցել՝ վարքագծի բարձր չափորոշիչներն արմատավորելուն՝ ինչպես անձամբ՝ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով իր գործընկերների կողմից դրանք պահպանելուն։
Հոդված 17․Արբիտրին բացարկ հայտնելու հիմքերը
- Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի բացարկ հայտնելու արբիտրին, եթե առկա են հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկած են հարուցում նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ, մասնավորապես` եթե կարելի է ենթադրել, որ նրանք անձամբ ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են վարույթի ելքով:
- Որպես արբիտր հնարավոր նշանակման մասին առաջարկ ստացած անձը պարտավոր է հայտնել ցանկացած այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են հիմնավոր կասկած առաջացնել նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ։
- Արբիտրն իր նշանակման պահից և արբիտրաժի վարույթի ամբողջ ընթացքում՝ մինչև արբիտրաժային տրիբունալի կողմից վերջնական վճռի կայացումը կամ արբիտրաժային վարույթի որևէ այլ ձևով ավարտը, պարտավոր է Կողմերին անհապաղ հայտնել ցանկացած այդպիսի հանգամանքների մասին, եթե նա ավելի վաղ չի հայտնել վերջիններիս դրանց մասին։
- Կողմերի կողմից արբիտրին բացարկ կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե առկա են հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկած են առաջացնում վերջինիս անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ կամ նա չի համապատասխանում Կանոնակարգի 15-րդ հոդվածում նշված պահանջներին կամ չունի Կողմերի արբիտրաժային համաձայնությամբ սահմանված համապատասխան որակավորում, ինչպես նաև Օրենքով սահմանված հիմքերի դեպքում։
- Կողմը կարող է բացարկ հայտնել իր կողմից կամ իր մասնակցությամբ նշանակված արբիտրին միայն այնպիսի հիմքերով, որոնք իրեն հայտնի են դարձել վերջինիս նշանակումից հետո։
Հոդված 18․Արբիտրի բացարկման ընթացակարգը
- Բացարկի մասին կողմերի գրավոր դիմումները, որոնցում շարադրված են բացարկի հիմքերը, պետք է ներկայացվեն Քարտուղարություն, իսկ արբիտրաժային տրիբունալի ձևավորումից հետո՝ նաև արբիտրաժային տրիբունալին տասնհինգօրյա ժամկետում` սկսած այն պահից, երբ կողմն իմացել է բացարկի հիմքերի մասին: Սույն մասում նշված ժամկետից ուշ ներկայացված բացարկի մասին դիմումը ենթակա է քննարկման, եթե ժամկետի ուշացումը եղել է հարգելի պատճառով:
- Որպեսզի բացարկն ընդունելի համարվի, կողմը այն պետք է ներկայացնի կամ արբիտրի նշանակման կամ հաստատման մասին ծանուցումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, կամ 15 օրվա ընթացքում այն օրվանից, երբ իմացել է բացարկի հիմքում ընկած փաստերի և հանգամանքների մասին:
- Եթե արբիտրը, որին բացարկ է հայտնվել, մեկշաբաթյա ժամկետումինքնաբացարկ չի հայտնում կամ արբիտրաժային վարույթի մյուս կողմը չի համաձայնվում բացարկին, ապա բացարկի հարցը մեկշաբաթյա ժամկետումորոշում են արբիտրաժային տրիբունալի մյուս անդամները։ Եթե նրանք համաձայնության չեն գալիս կամ, եթե բացարկը հայտնվել է միանձնյա արբիտրին, ապա բացարկի հարցը որոշում է Արբիտրաժային դատարանի նախագահը։
- Եթե Կողմերի հայտնված բացարկը մերժվում է, ապա արբիտրին բացարկ հայտնած կողմը բացարկի մերժման մասին որոշումը ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, կարող է դիմել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /այսուհետ՝ Իրավասու դատարան/ բացարկի վերաբերյալ որոշում ընդունելու խնդրանքով, որի կայացրած ակտը բողոքարկման ենթակա չէ։ Քանի դեռ կողմի նման դիմումի վերաբերյալ Իրավասու դատարանի կողմից որոշում ընդունված չէ, արբիտրաժային տրիբունալը, ներառյալ` այն արբիտրը, որին բացարկ է հայտնվել, կարող է շարունակել արբիտրաժային վարույթը և վճիռ կայացնել։
Հոդված 19․Արբիտրի պարտականությունների կատարման անհնարինությունը կամ չկատարումը
- Այն դեպքում, երբ արբիտրը իրավաբանորեն (de jure) կամ փաստացի (de facto) ի վիճակի չէ կատարել կամ այլ պատճառներով չի կատարում իր գործառույթներն առանց անհարկի ձգձգման, նրա լիազորությունները դադարում են ինքնաբացարկ հայտնելով, կամ երբ Կողմերը համաձայնվում են նրա լիազորությունների դադարեցման մասին։ Այլ դեպքերում, երբ առկա են տարաձայնություններ այդ հիմքերից որևէ մեկի վերաբերյալ, արբիտրի լիազորությունների դադարեցման հարցը լուծելու նպատակով կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Իրավասու դատարան, որի կայացրած ակտը բողոքարկման ենթակա չէ։
- Արբիտրի մահվան /ներառյալ՝ դատարանի վճռով մահացած ճանաչելու/ կամ նրան դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ արբիտրի հետ կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրն օրենքով սահմանված կարգով լուծվելու դեպքում՝ արբիտրի լիազորությունները դադարում են:
Հոդված 20․ Արբիտրի փոխարինումը
- Արբիտրը փոխարինվում է մահվան, արբիտրի հրաժարականի, բացարկի ընդունման կամ բոլոր կողմերի պահանջի դեպքում:
- Եթե արբիտրի լիազորությունները դադարում են սույն հոդված 1-ին մասով նախատեսված հիմքերով կամ որևէ այլ պատճառով ինքնաբացարկ հայտնելու կամ Կողմերի համաձայնության ուժով կամ այլ հիմքերով, ապա նոր արբիտրը նշանակվում է նույն կարգով, որով նշանակվել էր փոխարինվող արբիտրը:Եթե փոխարինվող արբիտրը նշանակվել է Արբիտրաժային հաստատության կամ ընտրվել է մյուս արբիտրների կողմից, ապա համապատասխանաբար Արբիտրաժային հաստատությունը կամ մյուս արբիտրները երկշաբաթյա ժամկետում նշանակում կամ ընտրում են փոխարինող արբիտրին: Եթե մյուս արբիտրները երկշաբաթյա ժամկետում չեն գալիս համաձայնության փոխարինող արբիտրի ընտրության հարցում, ապա վերջինիս նշանակում է Արբիտրաժային հաստատությունը։ Եթե փոխարինվող արբիտրն ընտրվել է Համակարգչային ծրագրի միջոցով, ապա նույն եղանակով եռօրյա ժամկետում ընտրվում է փոխարինող արբիտրը:
Եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի համաձայնությամբ, երբ փոխարինվում է միանձնյա արբիտրը կամ արբիտրաժային տրիբունալի նախագահողը, ապա նախկինում անցկացված բոլոր լսումները վերսկսվում են, իսկ եթե փոխարինվում է ցանկացած այլ արբիտր, ապա այդպիսի լսումները կարող են վերսկսվել արբիտրաժային տրիբունալի հայեցողությամբ:
ԲԱԺԻՆ 4. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 21․Արբիտրաժային տրիբունալի` իր իրավասության վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը
- Արբիտրաժային տրիբունալն իրավասու է, իսկ արբիտրաժային համաձայնությունը վիճարկելու դեպքում պարտավոր է առաջնահերթ քննել և որոշում կայացնել իր իրավասության, ներառյալ` արբիտրաժային համաձայնության առկայության կամ վավերականության վերաբերյալ։ Այս նպատակով արբիտրաժային վերապահումը, որը պայմանագրի բաղկացուցիչ մաս է, պետք է մեկնաբանվի որպես պայմանագրի մյուս մասերից անկախ համաձայնություն։ Պայմանագրի անվավեր լինելու վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի որոշումը ինքնին կամ օրենքի ուժով չի հանգեցնում արբիտրաժային վերապահման անվավերության:
- Արբիտրաժային տրիբունալի իրավասության բացակայության վերաբերյալ հայտարարությունը կարող է արվել ոչ ուշ, քան մինչև հայցի վերաբերյալ պատասխան ներկայացնելը։ Կողմի` արբիտր նշանակելու կամ արբիտրի նշանակմանը մասնակցելու հանգամանքը նրան չի զրկում այդպիսի հայտարարություն անելու իրավունքից։
- Արբիտրաժային տրիբունալի կողմից իր իրավասությունը չարաշահելու վերաբերյալ հայտարարությունը պետք է արվի անմիջապես այն բանից հետո, երբ կողմի կարծիքով արբիտրաժայի վարույթի ընթացքում շոշափվում է այնպիսի հարց, որը դուրս է արբիտրաժային տրիբունալի իրավասության շրջանակից։ Արբիտրաժային տրիբունալը ցանկացած դեպքում կարող է ընդունել ուշացված հայտարարությունը, եթե ուշացումը համարի հարգելի:
- Արբիտրաժային տրիբունալի կողմից իր իրավասությունը չարաշահելու հայտարարության վերաբերյալ արբիտրաժային տրիբունալը կարող է կայացնել որոշում կամ որպես նախնական բնույթ ունեցող հարցի վերաբերյալ, կամ անդրադառնալ դրան վեճն ըստ էության լուծող որոշման մեջ։
5․ Արբիտրաժային տրիբունալի իրավասության բացակայության մասին առարկությունը չի կանխարգելում Արբիտրաժային դատարանի՝ գործը վարելու հնարավորությունը։
6․Արբիտրաժային տրիբունալը պետք է որոշի` արդյոք շարունակել և ինչ ծավալով շարունակել արբիտրաժային վարույթը։ Արբիտրաժային վարույթը պետք է շարունակվի, եթե արբիտրաժային տրիբունալը գտնում է, որ Կանոնակարգի համաձայն՝ արբիտրաժային համաձայնությունը գոյություն ունի։ Մասնավորապես՝
- այն դեպքում, երբ արբիտրաժի կողմերը երկուսից ավելի են, արբիտրաժային վարույթը պետք է իրականացվի այն կողմերի միջև, այդ թվում՝ Կանոնակարգի 30-րդ հոդվածի համաձայն՝ գործին լրացուցիչ միացած ցանկացած կողմի միջև, որոնց վերաբերյալ արբիտրաժային տրիբունալը գտնում է, որ առկա է արբիտրաժային համաձայնություն, որը Կանոնակարգի համաձայն՝ պարտադիր է նրանց համար, և
- այն դեպքում, երբ հայցադիմումները ներկայացվել են մեկից ավելի արբիտրաժային համաձայնության հիման վրա, արբիտրաժային վարույթը պետք է շարունակվի այն հայցադիմումների մասով, որոնց վերաբերյալ արբիտրաժային տրիբունալը գտնում է, որ հետևյալ պահանջները բավարարված են՝
1․արբիտրաժային համաձայնագրերը, որոնց հիման վրա հայցադիմումները ներկայացվել են, կարող են համատեղվել, և
2․այդ հայցադիմումները կարող են մեկ արբիտրաժային վարույթի առարկա լինել։
7․Այն դեպքում, երբ արբիտրաժային տրիբունալը որոշում է, որ արբիտրաժային վարույթը հայցադիմումներից որևէ մեկի մասով չի կարող շարունակվել, նման որոշումը չի կարող կանխել նույն հայցը հետագայում մեկ այլ վարույթում ներկայացնելը։
8․Եթե կողմերից որևէ մեկը մերժում է կամ չի ապահովում իր մասնակցությունը արբիտրաժին կամ դրա որևէ մասին, ապա արբիտրաժային տրիբունալը պետք է շարունակվի՝ չնայած նման մերժմանը կամ մասնակցությունը չապահովելուն։
ԲԱԺԻՆ 5. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹ
Հոդված 22. Գործի նյութերի փոխանցումը արբիտրաժային տրիբունալին
- Քարտուղարությունը պետք է գործի նյութերը փոխանցի արբիտրաժային տրիբունալին դրա ձևավորումից անմիջապես հետո` պայմանով, որ Քարտուղարության կողմից այս փուլում պահանջված ծախսերի կանխավճարը կատարված է։
Հոդված 23. Արբիտրաժի վայրը
- Կողմերի միջև այլ բան նախատեսված չլինելու դեպքում արբիտրաժի վայրը Երևանն (Հայաստան) է, եթե արբիտրաժային տրիբունալն այլ բան չի որոշում:
- Կողմերը կարող են համաձայնության գալ ցանկացած այլ վայրում արբիտրաժային տրիբունալի լսումների անցկացման վերաբերյալ։ Լսումների անցկացման վայրի տեղափոխման հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը կատարվում, իսկ այնուհետև բաշխվում են Կողմերի միջև համամասնորեն։
- Եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի համաձայնությամբ, արբիտրաժային տրիբունալը կարող է լսումներ անցկացնել ցանկացած այլ վայրում, որը հարմար է համարում արբիտրների միջև խորհրդակցություն իրականացնելու, վկաներին, փորձագետներին կամ Կողմերին լսելու կամ ապրանքներ, այլ գույք կամ փաստաթղթեր զննելու (ուսումնասիրելու) նպատակով։ Նշված բոլոր դեպքերում արբիտրաժը համարվում է անցկացված, իսկ վճիռը կայացված՝ արբիտրաժի վայրում:
Հոդված 24. Արբիտրաժային վարույթի լեզուն
- Արբիտրաժային վարույթն իրականացվում է հայերեն լեզվով։
- Արբիտրաժային վարույթին մասնակցող անձինք, եթե չեն տիրապետում հայերենին, իրավունք ունեն գործի լսումներին հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը։
- Արբիտրաժային վարույթին մասնակցող անձինք՝ վարույթին վերաբերող բոլոր փաստաթղթերը, այդ թվում ցանկացած գրավոր հայտարարություն, ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթուղթ, ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում արբիտրաժային տրիբունալը կարող է կողմին պարտավորեցնել ներկայացնել փաստաթղթի հայերեն պատշաճ թարգմանությունը։
4․ Կողմերի համաձայնության առկայության դեպքում արբիտրաժային տրիբունալը գործը քննում է նաև օտար լեզվով` պայմանով սակայն, եթե բոլոր արբիտրները տիրապետում են արբիտրաժային համաձայնությամբ ընտրված լեզվին, կամ կողմերն ապահովում են թարգմանությունը:
Հոդված 25․ Վարույթի կանոնները
- Արբիտրաժային տրիբունալը վեճը քննում է Օրենքով և Կանոնակարգով սահմանված կարգով, իսկ դրանցով չկարգավորված հարցերը քննելիս արբիտրաժային տրիբունալը արբիտրաժային վարույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան ընթացակարգային կանոններով, եթե չեն հակասում արբիտրաժի սկզբունքերին և էության։
- Արբիտրաժային տրիբունալը արբիտրաժային վարույթն իրականացնում է ելնելով անաչառության և անկողմնակալության սկզբունքից, վարում է քննությունը այնպիսի եղանակով, որը նա գտնում է նպատակահարմար՝ հնարավորություն ընձեռնելով արբիտրաժային վարույթի կողմերից յուրաքանչյուրին հավասարապես պաշտպանելու իրենց շահերը։ Արբիտրաժային տրիբունալին տրված լիազորությունները ներառում են նաև ապացույցների թույլատրելիության, վերաբերելիության, էականության և նշանակալիության որոշման լիազորությունը։
Հոդված 26. Կիրառելի իրավունք
- Արբիտրաժային տրիբունալը՝ վեճը լուծելիս կիրառում է Կողմերի համաձայնությամբ ընտրված իրավունքի նորմերը: Ցանկացած պետության իրավունքին կամ իրավական համակարգին կատարված հղումը պետք է մեկնաբանվի որպես տվյալ պետության իրավունքի նյութական, այլ ոչ թե կոլիզիոն նորմերին կատարված հղում։
- Կողմերի համաձայնության բացակայության դեպքում, եթե արբիտրաժի վայրը Հայաստանի Հանրապետությունն է, և արբիտրաժի կողմը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը, ապա արբիտրաժային տրիբունալը վեճը լուծելիս կիրառում է Հայաստանի Հանրապետության իրավունքի նորմերը։
3․ Բոլոր դեպքերում արբիտրաժային տրիբունալը վճիռ է կայացնում պայմանագրի պայմանների համաձայն՝ հաշվի առնելով տվյալ գործարքի համար կիրառելի իրավունքը և առևտրային սովորույթները:
- Անկախ ընտրված իրավունքից՝ Կողմերը մինչև վճռի կայացումը կարող են արբիտրաժային տրիբունալին ուղղակիորեն լիազորել վեճը լուծելու արդարության ընդհանուր սկզբունքների (ex aequo et bono) հիման վրա կամ որպես հաշտարար միջնորդ:
Հոդված 27․ Արբիտրաժային գործի քննության ժամկետը
- Արբիտրաժային տրիբունալը և արբիտրաժային վարույթի Կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր ջանքերն արբիտրաժային գործի քննությունը արագ և արդյունավետ ձևով իրականացնելու համար։
- Արբիտրաժային տրիբունալը որպես կանոն գործի վարույթն ավարտում է վարույթ ընդունելու մասին որոշումը կողմերին ծանուցելու պահից քսանօրյա ժամկետում։
- Հաշվի առնելով վեճի բարդությունը և գործի վարույթի իրականացմանը խոչընդոտող այլ հանգամանքներն՝ արբիտրաժային տրիբունալն իր նախաձեռնությամբ կամ վարույթի Կողմերի միջնորդությամբ կարող է ողջամիտ ժամկետով երկարաձգել գործի ավարտի ժամկետը։
Հոդված 28․ Արբիտրաժային վարույթի գաղտնիությունը
- Եթե օրենքով, դատարանի որոշմամբ կամ Կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, ապա բոլոր արբիտրաժային վարույթները գաղտնի են և դռնփակ, և վարույթի ընթացքում ձևավորված ոչ մի փաստաթուղթ, այդ թվում նաև ներկայացված ապացույց, ինչպես նաև արբիտրաժային գործի քննության ժամանակ կատարված հայտարարություն չի կարող տրամադրվել այլ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները՝ տրամադրվում են դատարանի որոշմամբ կամ անհրաժեշտ են դատարանում վարույթի շրջանակներում՝ արբիտրաժի վճռի ճանաչման, հարկադիր կատարման կամ չեղյալ հայտարարման համար:
- Արբիտրաժային դատարանի նախագահը և աշխատակիցները, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալի արբիտրները, այդ թվում նաև արբիտրաժային տրիբունալի նախագահողը պարտավոր են չհրապարակել և այլ անձանց չտրամադրել Արբիտրաժային դատարանին հանձնված վեճերի մասին իրենց հայտնի դարձած որևէ տեղեկություն, որոնց հրապարակումը կամ տրամադրումը կարող է վնաս հասցնել արբիտրաժային վարույթի Կողմերի օրինական շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունների տրամադրումը նախատեսված է օրենքով, դատարանի որոշմամբ կամ վարույթի Կողմերի համաձայնությամբ։
Հոդված 29․ Կողմերի ներկայացուցչությունը
1․ Յուրաքանչյուր կողմ կարող է ներկայացված լինել իր ընտրած անձի կողմից։ Այդ անձի անունը և հասցեն պետք է տրամադրվի բոլոր կողմերին և արբիտրաժային տրիբունալին։ Այն դեպքում, երբ անձը նշանակված է որպես ներկայացուցիչ, արբիտրաժային տրիբունալն իր նախաձեռնությամբ կամ կողմերից որևէ մեկի պահանջով կարող է այդ անձից արբիտրաժային տրիբունալի կողմից որոշված ձևով լիազորությունների տրամադրման ապացույց պահանջել։
Հոդված 30․ Լրացուցիչ կողմերի ներգրավումը
- Կողմի միջնորդությամբ արբիտրաժային տրիբունալը կարող է որոշում կայացնել արբիտրաժին լրացուցիչ կողմ ներգրավելու մասին՝ պայմանով, որ բոլոր կողմերը, այդ թվում նաև՝ լրացուցիչ կողմը, տվել են իրենց համաձայնությունը «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված ձևով։ Ցանկացած նման որոշում պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի հանգամանքները, այդ թվում նաև՝ արբիտրաժային վարույթի փուլը։ Ներգրավման միջնորդությունը, կախված իրավիճակից, պետք է ներկայացվի հայցադիմումի կամ պատասխանի հետ միաժամանակ, իսկ եթե կողմին այդ հանգամանքը հայտնի է դառնում ավելի ուշ փուլում, ապա՝ հայտնի դառնալու օրվանից 10-օրյա ժամկետում։
- Ներգրավման միջնորդությունը պետք պարունակի հետևյալ տեղեկությունները․
(1) արբիտրաժային վարույթի համարը,
(2) անունը (անվանումը), անձը հաստատող տվյալները, եթե ֆիզիկական անձ է,
պետական գրանցման տվյալները, եթե իրավաբանական անձ է, կողմերից յուրաքանչյուրի՝ ներառյալ լրացուցիչ կողմի կոնտակտային տվյալները, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և ծանուցման նախընտրելի միջոցը, և 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 5-րդ,6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը։
Լրացուցիչ կողմ ներգրավելու միջնորդություն ներկայացրած կողմը կարող է դրան կցել նաև այլ փաստաթղթեր և տեղեկություն, որը նպատակահարմար է համարում կամ որը կարող է նպաստել վեճի արդյունավետ լուծմանը։
- Կանոնակարգի 8-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթները կիրառվում են mutatis mutandis լրացուցիչ կողմի ներգրավման միջնորդության նկատմամբ։
- Լրացուցիչ կողմը պետք է ներկայացնի պատասխան, որի նկատմամբ կիրառվում են mutatis mutandis, 11-րդ հոդվածի դրույթները։ Լրացուցիչ կողմը կարող է ցանկացած այլ կողմի դեմ հայց ներկայացնել 10-րդ հոդվածին համապատասխան։
- Լրացուցիչ կողմ ներգրավելու մասին ցանկացած միջնորդություն, որը ներկայացվում է որևէ արբիտրի հաստատումից կամ նշանակումից հետո պետք է որոշվի Արբիտրաժային տրիբունալի կողմից՝ ձևավորումից հետո, պայմանով, որ լրացուցիչ կողմն ընդունում է արբիտրաժային տրիբունալի կազմը և համաձայնում է Քննության ընթացակարգի արձանագրությանը՝ առկայության դեպքում: Լրացուցիչ կողմ ներգրավելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելիս արբիտրաժային տրիբունալը պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի հանգամանքները, ներառյալ՝ թե արդյոք արբիտրաժային տրիբունալն ունի առերևույթ (prima facie) իրավասություն լրացուցիչ կողմի նկատմամբ, Ներգրավման միջնորդություն ներկայացնելու ժամկետները, շահերի հնարավոր բախումները և ներգրավման ազդեցությունը արբիտրաժային վարույթի վրա:
Լրացուցիչ կողմ ներգրավելու մասին ցանկացած որոշում չի ազդում արբիտրաժային տրիբունալի՝ տվյալ կողմի նկատմամբ իր իրավասությանը վերաբերող որոշումների վրա:
Հոդված 31․ Ծանուցումը և ժամկետների հաշվարկը
- Արբիտրաժային վարույթի հետ կապված բոլոր փաստաթղթերն արբիտրաժային վարույթի մասնակիցներին առաքվում են կողմերի արբիտրաժային համաձայնության մեջ կամ այն պայմանագրում սահմանված ծանուցման հասցեին (այդ թվում՝ էլեկտրոնային), որին հղում է կատարվել արբիտրաժային համաձայնագրում կամ արբիտրաժային վերապահում նախատեսող պայմանագրում, եթե կողմերի համաձայնությամբ արբիտրաժային վարույթի շրջանակներում հաղորդակցության իրականացման համար այլ հասցեներ չեն սահմանվել։
- Հասցեի փոփոխության դեպքում կողմերը պարտավոր են այդ մասին անմիջապես հաղորդել Արբիտրաժային դատարանին: Արբիտրաժային վարույթի մասնակիցը պարտավոր է Արբիտրաժային դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով արբիտրաժային վարույթի մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել:
- Հայցադիմումները, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումների պատասխանները, ծանուցագրերը, և ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթերն առաքվում են պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ ուղարկվում են կողմերի էլեկտրոնային հասցեներին: Այդ փաստաթղթերը կարող են փոխանցվել նաև հեռագրով, ֆաքսով՝ կողմերի նշած հեռախոսահամարներով, կամ հաղորդակցությունն ապահովող կապի այլ միջոցներով, որոնք թույլ են տալիս որոշելու առաքողի և ստացողի ինքնությունը: Վերը նշված բոլոր փաստաթղթերը կարող են նաև փոխանցվել կամ հանձնվել առձեռն, ինչը պետք է հավաստվի ստացման վերաբերյալ հասցեատիրոջ մակագրությամբ:
- Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա գրավոր հաղորդակցությունը համարվում է ստացված, եթե դա հասցված է անձամբ հասցեատիրոջը կամ նրա ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայր կամ մշտական բնակության վայր կամ հաղորդակցությունն ապահովող կապի այլ միջոցներով:Այն դեպքում, երբ ողջամիտ հարցումներ կատարելուց հետո նշված հասցեներից ոչ մեկը չի կարող պարզվել, գրավոր հաղորդակցությունը համարվում է ստացված, եթե դա ուղարկված է հասցեատիրոջ՝ ուղարկողին հայտնի վերջին գործունեության վայր, մշտական բնակության կամ փոստային վերջին հայտնի հասցեով՝ պատվիրված նամակով կամ նշված գրավոր հաղորդակցությունը հասցնելու փորձի գրանցումն ապահովող որևէ այլ ձևով, այդ թվում էլեկտրոնային փոստի վերջին հայտնի հասցեով:
5․Կանոնակարգով սահմանված ժամկետների հաշվարկման համար ժամկետի հոսքը սկսվում է ծանուցումը ստանալու հաջորդ օրվանից։ Եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը։ Արբիտրաժային տրիբունալը կարող է երկարաձգել ժամկետները, եթե դա համարի արդարացված
Հոդված 32․ Ապացույցները և դատական աջակցությունն ապացույցներ ձեռք բերելիս
- Արբիտրաժային վարույթին մասնակցող յուրաքանչյուր կողմ պարտավոր է ապացուցել իր պահանջների կամ առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
- Արբիտրաժային տրիբունալը հետազոտում և գնահատում է միայն այն ապացույցները, որոնք կարող են հաստատել կամ ժխտել վարույթին մասնակցող Կողմերի պահանջների կամ առարկությունների հիմքում դրված փաստերը։
- Արբիտրաժային տրիբունալը կարող է իր նախաձեռնությամբ կամ արբիտրաժային վարույթի կողմի միջնորդությամբ վարույթի Կողմերից պահանջել արբիտրաժային տրիբունալի վարույթին առնչվող ցանկացած փաստաթղթի կամ այլ ապացույցի տրամադրում։ Պահանջվող ապացույցներ չտրամադրելը չի խոչընդոտում արբիտրաժային տրիբունալին շարունակել վարույթը և վճիռ կայացնել իր տրամադրության տակ եղած ապացույցների հիման վրա։
- Արբիտրաժային տրիբունալը կարող է որոշում ընդունել լսելու վկաներին, կողմերի կամ այլ անձի կողմից նշանակված փորձագետներին (մասնագետներին), կողմերի ներկայությամբ կամ նրանց բացակայությամբ, պայմանով, որ նրանք պատշաճ կերպով ծանուցված են:
- Արբիտրաժային տրիբունալը կողմերի հետ խորհրդակցելուց հետո կարող է նշանակել մեկ կամ մի քանի փորձագետներ (մասնագետներ), սահմանել նրանց լիազորությունների շրջանակը և ստանալ նրանց եզրակացությունները: Կողմերից որևէ մեկի խնդրանքով կողմերին պետք է տրվի հնարավորություն լսումների ժամանակ փորձագետին հարցեր տալու:
- Վարույթի ընթացքում ցանկացած պահի արբիտրաժային տրիբունալը կարող է ցանկացած կողմից պահանջել լրացուցիչ ապացույցներ:
- Արբիտրաժային տրիբունալը կարող է գործը քննել բացառապես կողմերի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, եթե կողմերից որևէ մեկը չի պահանջում անցկացնել լսումներ:
Հոդված 33․ Արբիտրաժային ծախսերը
- Արբիտրաժային ծախսերը կազմված են արբիտրաժային վճարից և գործի քննության հետ կապված լրացուցիչ ծախսերից, այդ թվում նաև՝ արբիտրաժային տրիբունալի նիստերի գումարման վայրի տեղափոխման, փորձաքննությունների անցկացման, գործի նյութերի թարգմանության, պատճենահանման, ապացույցները տեղում զննելու հետ կապված ծախսերից։
- Եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային տրիբունալը Կողմերից յուրաքանչյուրի միջնորդությամբ կարող է որոշում կայացնել գործի քննության հետ կապված լրացուցիչ դատավարական գործողությունների կատարման և այդ գործողությունների կատարման համար անհրաժեշտ լրացուցիչ ծախսերի վճարման վերաբերյալ։
- Եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի համաձայնությամբ, ապա՝ գործի քննության հետ կապված լրացուցիչ ծախսերը վճարում է արբիտրաժային վարույթի այն կողմը, ում միջնորդության արդյունքում կառաջանա լրացուցիչ դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունը։
- Քանի դեռ լրացուցիչ ծախսերի վճարման պարտավորություն կրող կողմը չի կատարել իր այդ վճարային պարտավորությունը արբիտրաժային վարույթը շարունակվում է առանց այդ լրացուցիչ դատավարական գործողությունների կատարման, բացառությամբ այն դեպքերի, երբ արբիտրաժային տրիբունալը կհամարի, որ այդ գործողությունների կատարումն անհրաժեշտ է գործի ճիշտ լուծման համար։
- Արբիտրաժային տրիբունալը գործի լուծման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման համար վճարված լրացուցիչ ծախսերի հարցը լուծում է վճռով կամ գործի վարույթն ավարտելու մասին որոշմամբ։
- Արբիտրաժային ծախսերի կազմը և վճարման կարգը, արբիտրաժային վճարի հաշվարկման և արբիտրաժային վճարի մասնակի վերադարձման կարգը, ինչպես նաև Կողմերի միջև արբիտրաժային ծախսերի բաշխման կարգը է սահմանվում է Կանոնակարգի անբաժանելի մասը հանդիսացող Հավելված 1-ով սահմանված՝ «Արբիտրաժային ծախսերի մասին» կարգով։
7․Հայցի առարկան փոփոխելու դեպքում, եթե դրա արդյունքում ավելանում է վճարման ենթակա արբիտրաժային վճարի չափը, ապա նման փոփոխությունը չի համարվի կատարված, քանի դեռ վճարված չէ արբիտրաժային վճարի չբավականացնող մասը։ Արբիտրաժային տրիբունալը պետք է ժամանակին տեղեկացնի Քարտուղարությանը հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ դիմումի ներկայացման մասին։
8․Եթե հայցի առարկան փոփոխվել է այնպես, որ առաջացել է արբիտրաժային վճարի ավել վճարված մաս, ապա ավել վճարված մասը ենթակա չէ վերադարձման:
Հոդված 34. Գործի նախապատրաստումը արբիտրաժային վարույթին
- Արբիտրաժային տրիբունալը ստուգում է գործի քննության նախապատրաստական վիճակը, և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում է լրացուցիչ միջոցներ գործի նախապատրաստման համար, այդ թվում՝ Կողմերից պահանջում է ներկայացնել գրավոր բացատրություններ, ապացույցներ և այլ լրացուցիչ փաստաթղթեր:
- Արբիտրաժային տրիբունալը գործի նախապատրաստման համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելիս նշանակում Է ողջամիտ ժամկետներ, որոնց ընթացքում պետք է իրականացվեն այդ լրացուցիչ միջոցները:
- Արբիտրաժային տրիբունալի նախագահողը կարող է դիմել Արբիտրաժային դատարան՝ գործի նախապատրաստման և վարույթի անցկացման հետ կապված որոշակի գործողությունների իրականացման խնդրանքով։
Հոդված 35․ Գործի լսումները և փաստաթղթային վարույթը
- Եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի արբիտրաժային համաձայնությամբ կամ Կանոնակարգով, ապա արբիտրաժային տրիբունալը որոշում է կայացնում գործի վարույթն իրականացնել գրավոր ընթացակարգով միայն գործում ներկայցված փաստաթղթերի և այլ նյութերի հիման վրա։ Այնուամենայնիվ, արբիտրաժային տրիբունալը պարտավոր է իրականացնել բանավոր լսումներ արբիտրաժային վարույթի համապատասխան փուլում` Կողմերից որևէ մեկի միջնորդությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ Կողմերը պայմանավորվել են չիրականացնել բանավոր լսումներ։
- Կողմերը պետք է նախապես պատշաճ ձևով իրազեկվեն արբիտրաժային տրիբունալի ցանկացած նիստի կամ ապրանքների, այլ գույքի զննման կամ փաստաթղթերի ուսումնասիրման նպատակով ցանկացած հանդիպման մասին:
- Արբիտրաժային տրիբունալին Կողմերից մեկի ներկայացրած բոլոր միջնորդություննեը, հայտարարությունները, փաստաթղթերը կամ այլ տեղեկատվություն պետք է տրամադրվեն մյուս կողմին։ Փորձագիտական եզրակացությունը կամ ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստաթղթերը, որոնց վրա արբիտրաժային տրիբունալը կարող է հիմնվել վճիռ կայացնելիս, պետք է ուղարկվեն Կողմերին։
- Արբիտրաժային տրիբունալից ստացված հայտարարությունների, փաստաթղթերի կամ այլ տեղեկատվության, ինչպես նաև փորձագիտական եզրակացության կամ ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստաթղթերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը Կողմերը կարող են հայտնել հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
- Եթե արբիտրաժային վարույթի՝ Կողմերից որևէ մեկը չի ներկայանում նիստին կամ արբիտրաժային տրիբունալի կողմից կամ արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանված ժամկետում չի ներկայացնում գրավոր ապացույցներ, արբիտրաժային տրիբունալը կարող է շարունակել վարույթը և վճիռ կայացնել` իր մոտ առկա ապացույցների հիման վրա։
Հոդված 36․ Բանավոր լսումներ
- Եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի համաձայնությամբ կամ Կանոնակարգով, ապա արբիտրաժային տրիբունալը ելնելով անաչառության և անկողմնակալության սկզբունքից՝ հնարավորություն ընձեռնելով արբիտրաժային վարույթի Կողմերից յուրաքանչյուրին հավասարապես պաշտպանելու իրենց շահերը գործի վարույթում առկա փաստաթղթերի և այլ նյութերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտնելու, Կողմերի բանավոր փաստարկները լսելու, վկաների, փորձագետի հարցաքննության կամ այլ անհրաժեշտությամբ պայմանավորված կարող է որոշում կայացնել գործի բանավոր լսումներով՝ վարույթի իրականացման վերաբերյալ։
- Բանավոր լսումներն իրականացվում են դռնփակ։ Արբիտրաժային տրիբունայի թույլտվությամբ և Կողմերի համաձայնությամբ՝ բանավոր լսումներին կարող են ներկա գտնվել արբիտրաժային վարույթին չմասնակցող անձինք:
- Բանավոր լսումների առաջին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին Կողմերը տեղեկանում են ծանուցագրերով, որոնք Կողմերին պետք է ուղարկվեն այնպիսի հաշվարկով, որպեսզի յուրաքանչյուր կողմ ծանուցագիրը ստանալուց հետո իր տնօրինության տակ ունենա ոչ պակաս հինգ աշխատանքային օր՝ բանավոր լսումներին պատրաստվելու և ներկայանալու համար։
- Բանավոր լսումների ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմի չներկայանալն արգելք չէ վարույթի իրականացման և գործով վճռի կայացման համար, բացառությամբ, երբ չներկայացած կողմը գրավոր ձևով ներկայացրել է միջնորդություն՝ հարգելի պատճառով բանավոր լսումները հետաձգելու վերաբերյալ:
- Հետագա բանավոր քննության նիստերի անցկացման անհրաժեշտության դեպքում դրանց անցկացման ժամկետը նշանակվում է արբիտրաժային տրիբունալի կողմից՝ հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, որի վերաբերյալ Կողմերը ծանուցվում են տեղում՝ համապատասխան ստորագրությամբ կամ Կանոնակարգով սահմանված կարգով։
- Կողմը կարող է պատշաճ ձևակերպված գրավոր միջնորդություն՝ ներկայացնել գործն իր բացակայությամբ՝ գործում առկա փաստաթղթերի և այլ նյութերի հիման վրա քննելու վերաբերյալ։
Հոդված 37․ Բանավոր լսումների արձանագրումը
- Եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի համաձայնությամբ, ապա գործի բանավոր լսումների ընթացքում վարվում է արձանագրություն՝ պարզ թղթային արձանագրման ձևով կամ ձայնագրման միջոցով։
- Պարզ թղթային արձանագրությունը վարվում է ձեռագիր կամ համակարգչի միջոցով։ Այն գործի նյութերին կցվում է արբիտրաժային տրիբունալի անդամների և արձանագրությունը վարող նիստի քարտուղարի ստորագրությամբ:
- Պարզ թղթային արձանագրությունում նշվում են՝ Արբիտրաժային դատարանի անվանումը, գործի համարը, լսումների վայրը և ամսաթիվը, արբիտրաժային տրիբունալի կազմը և նիստի քարտուղարի անունն ու ազգանունը, տեղեկություններ արբիտրաժային վարույթի Կողմերի և լսումներին մասնակցող այլ անձանց, այդ թվում՝ վկաների, փորձագետների, թարգմանիչների՝ լսումներին՝ ներկայանալու մասին, լսումների ընթացքի համառոտ նկարագիրը, լսումներին՝ մասնակցող անձանց պահանջները, հայտարարությունները, միջնորդությունները, բացատրությունները, ցույցմունքները, տեղեկություններ ապացույցների հրապարակման, զննման և հետազոտման մասին, նշումներ լսումների հետաձգման կամ դրանց ավարտման հիմքերի վերաբերյալ,
- Արբիտրաժային վարույթի` մասնակիցներն իրավունք ունեն ծանոթանալու պարզ թղթային եղանակով կազմված արձանագրությանը և իրենց դիտողությունները՝ ներկայացնելու այն կազմելու լրիվության կամ ճշտության վերաբերյալ:
- Արձանագրության վերաբերյալ՝ արբիտրաժային վարույթը մասնակիցների դիտողություններն ընդունելու կամ մերժելու մասին արբիտրաժային տրիբունալը կայացնում է որոշում:
- Նիստի ձայնագրությունը կամ պարզ թղթային արձանագրության պատճենը կողմի գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է վերջինիս՝ ոչ ուշ, քան նիստի հաջորդ օրը:
Հոդված 38․ Գործի քննության հետաձգումը և վարույթի կասեցումը
- Արբիտրաժային վարույթը կարող է կասեցվել կամ հետաձգվել:
- Արբիտրաժային վարույթի կողմի դիմումի հիման վրա արբիտրաժային տրիբունալը կարող է հետաձգել արբիտրաժային գործի քննությունը, եթե նման հետաձգումը անհրաժեշտ է օրինական և արդար վճռի կայացման համար:
- Արբիտրաժային գործի քննությունը հետաձգվում է մինչև հետաձգման հիմք հանդիսացող դեպքերի կամ հանգամանքների վրա հասնելը:
- Արբիտրաժային տրիբունալը արբիտրաժային վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո` եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ արբիտրաժային վարույթի մասնակիցների միջնորդության հիման վրա կայացնում է արբիտրաժային վարույթը վերսկսելու մասին որոշում։
5․ Արբիտրաժային գործի քննության հետաձգման և վերսկսման մասին արբիտրաժային տրիբունալը կայացնում է որոշում։
- Արբիտրաժային վարույթի կասեցումը հանգեցնում է Կանոնակարգով սահմանված ժամկետների ընթացքի կասեցմանը, միչև վարույթը վերսկսելու որոշման ընդունման պահը:
Հոդված 39․ Հայցի ապահովման միջոցները և նախնական կարգադրություններ
1․Եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային տրիբունալը արբիտրաժային վարույթի Կողմերից յուրաքանչյուրի միջնորդությամբ կարող է որոշում կայացնել հայցի ապահովման այնպիսի միջոցներ կիրառելու վերաբերյալ, որոնք նա գտնի անհրաժեշտ` հաշվի առնելով վեճի առարկան:
- Կողմերից մեկը կարող է առանց արբիտրաժային վարույթի մյուս կողմին ծանուցելու դիմել արբիտրաժային տրիբունային հայցի ապահովման միջոց կիրառելու համար՝ միաժամանակ ներկայացնելով նախնական կարգադրություն տալու մասին՝ միջնորդություն։ Եթե Կողմերի համաձայնությամբ՝ այլ բան նախատեսված չէ, ապա նախնական կարգադրություն տալու մասին միջնորդությունով՝ կողմը կարող է պահանջել մյուս կողմից չիրականացնել որևէ գործողություն, որով կարող է անհնարին դառնալ հայցի ապահովման միջոցի կատարումը։
- Արբիտրաժային տրիբունալը կարող է արձակել նախնական կարգադրություն, եթե գտնի, որ հայցի ապահովման միջոց կիրառելու դիմումի մասին նախապես այն կողմին տեղեկացնելը, որի դեմ այն ուղղված է, կարող է անհնարին դարձնել հայցի ապահովման միջոցի կատարումը։
- Արբիտրաժային տրիբունալը հայցի ապահովման միջոցի կամ նախնական կարգադրության կիրառմամբ՝ կարող է արբիտրաժային վարույթի ցանկացած կողմից պահանջել՝ տրամադրել ձեռնարկվող միջոցներին համապատասխանող, այդ թվում՝ նախնական կարգադրությունների հետ կապված ապահովում կամ հակընդդեմ ապահովում, եթե այդ ապահովումը նպատակ է հետապնդում կանխել կամ հատուցել մյուս կողմին պատճառվելիք հնարավոր վնասները կամ պահպանել ապացույցները։
- Հայցի ապահովման միջոցներ կիրառելու դիմում ներկայացնող կողմն արբիտրաժային տրիբունային հիմնավորում է, որ հայցի ապահովման միջոց չկիրառելու դեպքում կհասցվի այնպիսի վնաս, որը հնարավոր չէ համապատասխանաբար վերականգնել վնասները՝ հատուցելու միջոցով, և այդ վնասը զգալիորեն կգերազանցի այն վնասը, որը կհասցվի այն կողմին, որի նկատմամբ կիրառվելու է հայցի ապահովման միջոցը:
- Հայցի ապահովման միջոցները, որոնք պահանջել` կամ` կարգադրել է ձեռնարկել արբիտրաժային տրիբունալը՝ կայացնելով միջանկյալ վճիռ, կարող են ճանաչվել, հարկադիր կատարվել կամ չեղյալ ճանաչվել Իրավասու դատարանի կողմից:
- Արբիտրաժային տրիբունալի կողմից նախնական կարգադրություն տալու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացվելուց անմիջապես հետո արբիտրաժային տրիբունալը Կողմերին ծանուցում է հայցի ապահովման միջոց սահմանելու դիմումի, նախնական կարգադրություն տալու մասին միջնորդության, առկայության դեպքում՝ նախնական կարգադրության և Կողմերից յուրաքանչյուրի և արբիտրաժային տրիբունալի միջև՝ դրանց վերաբերյալ մյուս բոլոր հաղորդագրությունների մասին, այդ թվում՝ նշելով ցանկացած բանավոր հաղորդագրության բովանդակությունը:
- Արբիտրաժային տրիբունալը յուրաքանչյուր կողմի հնարավորություն է ընձեռում ներկայացնելու իր դիրքորոշումը սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված բոլոր դեպքերում ծանուցումը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում։
- Արբիտրաժային տրիբունալը որոշում է կայացնում նախնական կարգադրության դեմ ներկայացված ցանկացած առարկության վերաբերյալ ոչ ուշ, քան այդ առարկությունները ներկայացվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, որոշելով բավարարել հայցի ապահովման միջոցը չվնասելու վերաբերյալ միջնորդությունը կամ մերժելով ներկայացված միջնորդությունը:
- Նախնական կարգադրության գործողությունը դադարում է արբիտրաժային տրիբունալի կողմից այդ մասին որոշումն ընդունվելու օրվանից քսան օր հետո: Արբիտրաժային տրիբունալը կարող է սահմանել հայցի ապահովման միջոց՝ ընդունելով՝ կամ՝ փոփոխելով՝ նախնական՝ կարգադրությունը՝ նրանից հետո, երբ այն կողմը, որի համար նախատեսված է նախկական կարգադրությունը, ծանուցվել և հնարավորություն է ստացել ներկայացնելու իր դիրքորոշումը։
- Նախնական կարգադրությունը պարտադիր է Կողմերի համար: Այդպիսի նախնական կարգադրությունը վճիռ չի համարվում։
- Արբիտրաժային տրիբունալը կարող է փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել իր սահմանած հայցի ապահովման միջոցը կամ նախնական կարգադրությունը՝ Կողմերից մեկի դիմումի հիման վրա, կամ բացառիկ դեպքերում Կողմերին նախապես ծանուցելուց հետո՝ իր նախաձեռնությամբ
- Արբիտրաժային տրիբունալը կարող է արբիտրաժային վարույթի ցանկացած կողմից պահանջել անհապաղ հայտնել այն հանգամանքների ցանկացած էական փոփոխության մասին, որոնց հիման վրա ներկայացվել է հայցի ապահովման միջոցը սահմանելու դիմում, կամ որոնց հիման վրա սահմանվել է հայցի ապահովման միջոցը։
- Նախնական կարգադրություն տալու մասին միջնորդություն ներկայացնող կողմն՝ արբիտրաժային տրիբունային հայտնում է բոլոր այն հանգամանքների մասին, որոնք վերաբերելի են արբիտրաժային տրիբունալի՝ կարգադրություն տալու կամ այն պահպանելու մասին որոշմանը, և այդ պարտավորությունը շարունակում է գործել, քանի դեռ այն կողմին, որի համար նախատեսված է կարգադրությունը, չի տրամադրվել իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն:
- Հայցի ապահովման միջոց կամ նախնական կարգադրություն սահմանված լինելու դեպքում արբիտրաժային տրիբունալը վեճն ըստ էության լուծող որոշման մեջ կամ միջանկյալ դատական ակտում իր նախաձեռնությամբ կամ այն կողմի միջնորդությամբ, որի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովումը կամ ընդունվել նախնական կարգադրությունը անդրադառնում է այդ հայցի ապահովման միջոցի կամ կարգադրության հետևանքով՝ ցանկացած կողմի հասցված բոլոր վնասներին, ինչպես նաև կարող է արձանագրել, որ տվյալ հանգամանքներում՝ հայցի ապահովման միջոցը կամ կարգադրությունը չպետք է սահմանվեր:
- Հայցի ապահովման միջոց սահմանելու դիմում կամ՝ նախնական՝ կարգադրություն տալու մասին միջնորդություն ներկայացնող կողմը պատասխանատվություն է կրում այդ հայցի ապահովման միջոցի կամ կարգադրության հետևանքով ցանկացած կողմի` հասցված բոլոր վնասների համար, եթե՝ արբիտրաժային կարգադրության հետևանքով ցանկացած կողմի՝ հասցված բոլոր վնասների համար, եթե արբիտրաժային տրիբունալը հետագայում որոշում է, որ տվյալ հանգամանքներում հայցի ապահովման միջոցը կամ կարգադրությունը չպետք է սահմանվեր: Արբիտրաժային տրիբունալը վնասների հատուցման մասին հարցը լուծում է վերջնական վճռում։
Հոդված 40․Նախնական կարգադրության ընթացակարգը
- Կողմը, նախնական կագադրության կիրառման համար կողմը պետք է ներկայացնի դիմում, որը պետք է ներառի․
1) դիմողի անունը (անվանումը), անձը հաստատող տվյալները, եթե ֆիզիկական անձ է, պետական գրանցման տվյալներ, եթե իրավաբանական անձ է, դիմողի կոնտակտային տվյալները, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և ծանուցման նախընտրելի միջոցը,
2) դիմողի ներկայացուցչի անունը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և այլ կոնտակտային տվյալներ,
3) պատասխանողի անունը, հասցեն և այլ կոնտակտային տվյալներ, ներառյալ էլեկտրոնային փոստի հասցեն, եթե հասանելի են դիմողին,
4) դիմումի համար հիմք հանդիսացող հանգամանքների և վեճի նկարագրությունը, որը հանձնվել է կամ պետք է հանձնվի արբիտրաժին,
5) ակնկալվող նախնական կարգադրության նկարագրությունը,
6) հիմնավորումներ, թե ինչու են դիմորդին անհրաժեշտ նախնական կարդագրության միջոցը, որոնք չեն կարող սպասել արբիտրաժային տրիբունալի ձևավորմանը,
7)արբիտրաժային համաձայնություն(ներ) և այլ համապատասխան համաձայնություններ,
8) ցանկացած համաձայնություն արբիտրաժի վայրի, կիրառելի իրավունքի կամ արբիտրաժի լեզվի վերաբերյալ,
9) հավելված 1-ի նշված վճարումը հավաստող ապացույցը,
10) Արբիտրաժ իրականացնելու պահանջի և դրա հիմքում ընկած վեճի հետ կապված ցանկացած այլ փաստաթուղթ, որոնք Քարտուղարությանն են ներկայացվել արտակարգ միջոցների արբիտրի վարույթի կողմերից որևէ մեկի կողմից նախքան դիմումը ներկայացնելը,
11) դիմումը կարող է պարունակել այնպիսի այլ փաստաթղթեր կամ տեղեկություններ, որոնք դիմողը նպատակահարմար է գտնում կամ որոնք կարող են նպաստել դիմումի արդյունավետ քննությանը:
2․Ցանկացած նման դիմում կընդունվի միայն այն դեպքում, եթե այն ստացվել է Քարտուղարության կողմից մինչև գործը արբիտրաժային տրիբունալին փոխանցելը՝անկախ նրանից, թե դիմում ներկայացնող կողմն արդեն ներկայացրել է իր Արբիտրաժ իրականացնելու պահանջը, թե ոչ:
3․ Արբիտրաժային դատարանի նախագահը Քարտուղարության կողմից դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում նշանակում է արբիտր։
- Արբիտրի կողմից որոշումը պետք է ընդունվի կարգադրության ձևով: Կողմերը պարտավորվում են կատարել արտակարգ միջոցների արբիտրի ցանկացած կարգադրություն:
5․ Կարգադրությունը պետք է լինի գրավոր և պատճառաբանված: Այն պետք է պարունակի կայացման ամսաթիվը և ստորագրվի արբիտրի կողմից: Կարգադրությունը պետք է ընդունվի ոչ ուշ, քան գործը արբիտրին փոխանցելուց հետո 10 օրվա ընթացքում: Արբիտրաժային դատարանի նախագահը կարող է երկարաձգել այս ժամկետը արտակարգ միջոցների արբիտրի հիմնավորված պահանջով կամ սեփական նախաձեռնությամբ, եթե գտնում է դրա անհրաժեշտությունը:
6․Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում արբիտրը կողմերին ուղարկում է Կարգադրությունը, պատճենը ուղարկելով Քարտուղարությանը՝ կանոնակագով սահմանված եղանակով։
- Կարգադրությունը կողմերի համար դադարում է պարտադիր լինել, եթե՝
(1) Արբիտրաժային դատարանի նախագահի կողմից դադարեցվել է նախնական կարգադրության վարույթը,
(2) արբիտրի դեմ ներկայացվել է բացարկը՝ համաձայն սույն կանոնակարգի 17-րդ հոդվածի,
(3) արբիտրաժային տրիբունալի վերջնական վճռով, եթե արբիտրաժային տրիբունալն այլ բան ուղղակիորեն չի որոշում, կամ
(4) բոլոր պահանջներից հրաժարվել են կողմերը կամ արբիտրաժային վարույթն ավարտվել է մինչև վերջնական վճռի կայացումը։
- Մինչև գործը արբիտրաժային տրիբունալին փոխանցելը կողմի պատճառաբանված պահանջով արբիտրը կարող է փոփոխել, դադարեցնել կամ չեղյալ ճանաչել Կարգադրությունը:
ԲԱԺԻՆ 6․ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՎԱՐՏԸ
Հոդված 41․ Արբիտրաժի վերջնական որոշումը
- Արբիտրաժն ավարտվում է արբիտրաժային տրիբունալի կողմից վճռի կամ արբիտրաժի ավարտի վերաբերյալ որոշման կայացմամբ։
- Վճիռները և որոշումները շարադրվում են գրավոր ձևով, վերջնական են և պարտադիր կողմերի համար կայացման պահից։
- Եթե արբիտրաժային տրիբունալը կազմված է մեկից ավելի արբիտրներից, ապա վճիռը կայացվում է ձայների մեծամասնությամբ։ Եթե առկա չէ ձայների մեծամասնություն, ապա վճիռը կայացնում է արբիտրաժային տրիբունալի նախագահողը:
- Վճիռը համարվում է կայացված վճռում նշված օրը և արբիտրաժի վայրում:
Հոդված 42․ Արբիտրաժային տրիբունալի վճռի ձևը և բովանդակությունը
- Արբիտրաժային տրիբունալի վճիռը պետք է կայացվի գրավոր ձևով և ստորագրվի և կնքվի արբիտրի, իսկ կոլեգիալ կազմի դեպքում արբիտրների և նախագահող արբիտրի կողմից։
- Կոլեգիալ կազմով արբիտրաժային վարույթի դեպքում՝ բավական է արբիտրաժային տրիբունալի անդամների մեծամասնության ստորագրությունների առկայությունը` այն պայմանով, որ վճռում նշվեն բացակայող ստորագրությունների պատճառները:
- Արբիտրաժային տրիբունալի վճիռը պետք է լինի պատճառաբանված, բացառությամբ եթե Կողմերը համաձայնվել են, որ պատճառաբանություններ չպետք է նշվեն վճռում, կամ եթե կայացվել է համաձայնեցված պայմանների շուրջ վճիռ։
- Արբիտրաժային վճռի կամ դրա որևէ պատճառաբանությանը չհամաձայնվելու դեպքում յուրաքանչյուր արբիտր իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք, որը կցվում է վճռին:
- Արբիտրաժային տրիբունալի վճռում նշվում են․
ա/ Արբիտրաժային դատարանի անվանումը,
բ/ արբիտրաժային գործի համարը,
գ/ արբիտրաժի անցկացման վայրը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը,
դ/ արբիտրաժային տրիբունալի կազմը,
ե/ Կողմերի և արբիտրաժի վարույթին մասնակցող այլ անձանց՝ անուն ազգանունները /անվանումները/, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի համարը,
զ/ արբիտրաժային տրիբունալի իրավասությունների հիմնավորումը,
է/ վեճի առարկայի և գործի հանգամանքների հակիրճ նկարագրությունը,
ը/ պատճառաբանությունները, որոնց վրա հիմնված է վճիռը, բացառությամբ, երբ Կողմերը համաձայնվել են, որ այդպիսիք չպետք է նշվեն վճռում կամ, եթե կայացվել է համաձայնեցված պայմանների շուրջ վճիռ,
թ/ եզրահանգումներ պահանջները լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին,
ժ/ գործով արբիտրաժային վճարների և ծախսերի բաշխումը Կողմերի միջև, եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի համաձայնությամբ,
ի/ հայցն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու և կատարում ենթադրող վճիռ կայացնելու դեպքում նշում` վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին,
լ/ գործի առանձնահատկություններից ելնելով արբիտրաժային տրիբունալի հայացողությամբ այլ նշումներ, այդ թվում նաև վճռի կատարման կարգի և ժամկետի վերաբերյալ։6. Արբիտրաժային տրիբունալի վճիռը կայացման պահից հինգօրյա ժամկետում Արբիտրաժային դատարանի կողմից առաքվում կամ առձեռն հանձնվում է Կողմերին և երրորդ անձանց, ընդ որում, վճիռը հայցվորին ուղարկվում է մեկ օրինակ ավել։ Էլեկտրոնային եղանակով մուտքագրված գործերով վճռի հրապարակումն ու դրա մասին կողմերին ծանուցելն իրականացվում է վճռի էլեկտրոնային տարբերակը Համակարգչային ծրագրում տեղադրելու միջոցով։ Քարտուղարությունը կողմերից մեկի դիմումով կարող է տրամադրել էլեկտրոնային վճռի թղթային բնօրինակը կամ պատշաճ կարգով վավերացված պատճեն։
Հոդված 43․ Հաշտության համաձայնությունը
- Եթե արբիտրաժային վարույթի ընթացքում Կողմերը հաշտությամբ լուծում են վեճը, ապա արբիտրաժային տրիբունալը դադարեցնում է գործի քննությունը և Կողմերի խնդրանքով, արբիտրաժային տրիբունալի կողմից առարկությունների բացակայության դեպքում, համաձայնեցված պայմաններով կայացնում է վճիռ` հաշտության համաձայնության մասին:
- Համաձայնեցված պայմանների շուրջ կայացված հաշտության համաձայնության վերաբերյալ վճիռը պետք է պարունակի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը և նշում այն մասին, որ այն հանդիսանում է արբիտրաժային տրիբունալի վճիռ։
- Համաձայնեցված պայմանների շուրջ կայացված հաշտության համաձայնության վերաբերյալ վճիռը պետք է կայացվի 40-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջների պահպանմամբ և այդպիսի վճիռն ունի նույն կարգավիճակը և ուժը, ինչպես արբիտրաժային տրիբունալի կողմից ըստ գործի էության կայացվող ցանկացած այլ վճիռ:
Հոդված 44․ Վճռի ուղղումը և մեկնաբանումը, լրացուցիչ վճիռը
- Արբիտրաժային տրիբունալի վճիռը ստանալուց հետո` 60-օրյա ժամկետում, եթե Կողմերի համաձայնությամբ այլ ժամկետ չի սահմանվել՝
ա/կողմը, տեղեկացնելով մյուս կողմին, կարող է դիմել արբիտրաժային տրիբունալ` խնդրելով ուղղել վճռում տեղ գտած թվաբանական սխալները, վրիպակները կամ գրասխալները կամ նմանաբնույթ այլ սխալներ.
բ/ Կողմերի միջև համապատասխան համաձայնության առկայության դեպքում կողմը, տեղեկացնելով մյուս կողմին, կարող է դիմել արբիտրաժային տրիբունալ` խնդրելով պարզաբանել վճռի որևէ առանձին կետ կամ մաս.
- Արբիտրաժային տրիբունալը կողմի դիմումը հիմնավոր գտնելու դեպքում այն ստանալուց հետո 60-օրյա ժամկետում, կատարում է համապատասխան ուղղումներ կամ տալիս է պարզաբանումներ:
- Արբիտրաժային տրիբունալը վճռի կայացման օրվանից հետո՝ 60-օրյա ժամկետում, կարող է իր նախաձեռնությամբ ուղղել վճռում տեղ գտած թվաբանական սխալները, վրիպակները կամ գրասխալները կամ նմանաբնույթ այլ սխալները:
- Եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի համաձայնությամբ, ապա կողմը, մյուս կողմին տեղյակ պահելով, կարող է վճիռը ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, դիմել արբիտրաժային տրիբունալ` խնդրելով կայացնել լրացուցիչ վճիռ արբիտրաժային վարույթի ժամանակ ներկայացված, սակայն վճռում չարտացոլված պահանջների մասով։ Արբիտրաժային տրիբունալը դիմումը հիմնավոր գտնելու դեպքում այն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, կայացնում է լրացուցիչ վճիռ:
- Անհրաժեշտության դեպքում արբիտրաժային տրիբունալը կարող է երկարաձգել վճռի ուղղման, պարզաբանման կամ լրացուցիչ վճռի կայացման ժամկետները։
- Արբիտրաժային տրիբունալի կողմից վճռում տեղ գտած թվաբանական սխալների, վրիպակների կամ գրասխալների կամ նմանաբնույթ այլ սխալների ուղղումները, վճռի որևէ առանձին կետի կամ մասի պարզաբանումները, ինչպես նաև կայացված լրացուցիչ վճիռը հանդիսանում են արբիտրաժային տրիբունալի վճռի բաղկացուցիչ մասը և դրանց կայացման դեպքերում՝ կիրառվում են Կանոնակարգի 41-րդ հոդվածի դրույթները։
Հոդված 45․ Առանձին արբիտրաժային որոշում
- Արբիտրաժային տրիբունալը ցանկացած հարցի վերաբերյալ ցանկացած ժամանակ կարող է կայացնել առանձին ակտի ձևով արբիտրաժային որոշում։
- Առանձին ակտի ձևով՝ արբիտրաժային որոշումների նկատմամբ կիրառելի են Կանոնակարգի 41-րդ հոդվածի պահանջները:
Հոդված 46․ Արբիտրաժի ավարտը
- Արբիտրաժային վարույթն ավարտվում է արբիտրաժային տրիբունալի կողմից վճռի կամ արբիտրաժի ավարտի վերաբերյալ որոշման կայացմամբ։
- Արբիտրաժային տրիբունալը արբիտրաժի ավարտի վերաբերյալ կայացնում է որոշում այն դեպքում, երբ`
ա/ հայցվորը հրաժարվում է հայցից, բացառությամբ, երբ պատասխանողն այդ մասին ծանուցում ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում առարկում է գործի վարույթի ավարտման դեմ, և արբիտրաժային տրիբունալը ճանաչում է նրա օրինական շահը վեճի վերջնական կարգավորման հարցում.
բ/ Կողմերը պայմանավորվում են արբիտրաժային վարույթի դադարեցման վերաբերյալ,
գ/ արբիտրաժային տրիբունալը՝ գտնում է, որ գործի քննության շարունակումը` որոշակի պատճառներով դարձել է ավելորդ կամ անհնարին:
- Արբիտրաժային տրիբունալի նախագահողը՝ կամ միանձնյա արբիտրը արբիտրաժային վարույթի ավարտից հետո արբիտրաժային գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը, այդ թվում նաև արբիտրաժային տրիբունալի վճիռները և որոշումները պահպանության համար հանձնում են Արբիտրաժային դատարանին։ Արբիտրաժային գործին վերաբերող փաստաթղթերը պահպանվում են արբիտրաժի ավարտի պահից հինգ տարվա ընթացքում։
Հոդված 47․ Արբիտրաժային տրիբունալի վճռի կատարումը
- Արբիտրաժային տրիբունալի վճիռը կայացման պահից պարտադիր է Կողմերի համար և ենթակա է անհապաղ կատարման, եթե նրանում կատարման այլ ժամկետ սահմանված չէ:
2․Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար դիմումը կարող է ներկայացվել վճիռն ստանալու պահից մեկ տարվա ընթացքում, բայց ոչ շուտ, քան վճիռն ստանալու պահից երեք ամիս հետո:
3․Արբիտրաժային դատարանը էլեկտրոնային հաղորդագրության միջոցով արբիտրաժային տրիբունալի վճիռը հարկադիր կատարման համար ներկայացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, եթե՝
1) արբիտրաժի կողմերը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք, և
2) արբիտրաժի վճռով բռնագանձման ենթակա գումարի չափը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը:
- Արբիտրաժային տրիբունալի վճիռը կամովին չկատարելու դեպքում՝ կողմը, որի օգտին կայացվել է վճիռը և որի բռնագանձման ենթակա գումարի չափը գերազանցում է իրավունք ունի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացնել Իրավասու դատարան:
Հավելված 1 «ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳ
«Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» ՍՊԸ արբիտրաժային դատարանի Կանոնակարգ
Հաստատված է՝ «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն»» ՍՊԸ-ի միակ մասնակցի
12.05.2025թ. որոշմամբ
ԿԱՐԳ
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
- Արբիտրաժային ծախսերը
1.1. «Դիջիթալ արբիտրաժային կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մշտապես գործող արբիտրաժային դատարանում արբիտրաժային ծախսերը կազմված են արբիտրաժային վճարից և գործի քննության հետ կապված լրացուցիչ ծախսերից։
1.2. Արբիտրաժային վճարը՝ Արբիտրաժային դատարանի կողմից վարույթ ընդունված յուրաքանչյուր գործի քննության համար գանձվող գումարն է։
1.3. Գործի քննության հետ կապված լրացուցիչ ծախսերն այն ծախսերն են, որոնք կապված են գործի քննության կազմակերպման, այդ թվում նաև լրացուցիչ՝ դատավարական գործողությունների կատարման հետ /արբիտրաժային տրիբունալի նիստերի գումարման վայրի տեղափոխման հետ կապված ծախսերը, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին՝ վճարված գումարները, վարույթին մասնակցող անձանց կրած ծախսերը, փաստաթղթերի և գործի այլ նյութերի թարգմանության, պատճենահանման, ապացույցները տեղում զննելու և արբիտրաժային տրիբունալի որոշմամբ թույլատրված այլ խելամիտ ծախսերը՝ որքանով դրանք անհրաժեշտ են վարույթի կողմերի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար/։
1.4. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի արբիտրաժային համաձայնությամբ կամ արբիտրաժային տրիբունալի որոշմամբ, ապա գործի քննության հետ կապված լրացուցիչ ծախսերը կատարվում են այն կողմի հաշվին, որի միջնորդությամբ կատարվում են այդ ծախսերը:
- Արբիտրաժային վճարի հաշվարկման կարգը
2.1. Գույքային պահանջներով արբիտրաժային վճարը գանձվում է ՀՀ դրամով՝ հայցագնի 2 /երկու/ տոկոսի չափով, բայց ոչ պակաս 19.000 /տասնինը հազար/ ՀՀ դրամից և ոչ ավել 1.200.000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամից: Միջազգային վեճերի դեպքում գույքային պահանջներով արբիտրաժային վճարը գանձվում է Հայաստանի Հանրապետության դրամով` հայցագնի 7 /յոթ/ տոկոսի չափով, բայց ոչ պակաս 150,000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամից։
2.2. Ոչ գույքային պահանջներով արբիտրաժային վճարը գանձվում է 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
2.3. Գործի նյութերի՝ հայցադիմումին կից փաստաթղթերի և այլ անհրաժեշտ ապացույցների պատճենահանման համար վճար սահմանված չէ:
2.4. Հայցային պահանջներն ավելացնելու դեպքում արբիտրաժային վճարը գանձվում է ավելացված մասի 2 /երկու/ տոկոսի չափով, պայմանով, որ սկզբնական հայցի համար վճարված արբիտրաժային վճարի և ավելացված մասի համար գանձվող արբիտրաժային վճարների հանրագումարն այս դեպքում ևս պակաս չլինի 19.000 /տասնինը հազար/ ՀՀ դրամից և չգերազանցի 1.200.000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարը։
2.5. Գույքային պահանջներով հակընդդեմ հայցի նկատմամբ կիրառվում է սույն կարգի 2.1. և 2.4. ենթակետերով սահմանված կանոնները։
2.6. Արբիտրաժային վճարը հայցվորի կողմից վճարվում է «Դիջիթալ Արբիտրաժային Կենտրոն» ՍՊԸ -ի /ՀՎՀՀ՝ 08304309 «Այ-Դի Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11813032130000 հաշվեհամարին:
- Արբիտրաժային վճարի վերադարձ
3.1. Եթե հայցվորը հրաժարվում է հայցից մինչև արբիտրաժային տրիբունալի կողմից գործը վարույթ ընդունելը, ապա վճարված արբիտրաժային վճարի 70 տոկոսը հայցվորի պահանջով վերադարձվում է վերջինիս:
3․2 Հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո հայցվորի կողմից հայցից հրաժարվելու դեպքում արբիտրաժային վճարը վերադարձման ենթակա չէ։
3․3 Արբիտրաժային վճարը ենթակա չէ վերադարձման, եթե գործին մասնակցող անձնացից որևէ մեկը դատարանի՝օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ։
3.4. Եթե վեճն ենթակա չէ Արբիտրաժային դատարան լուծմանը՝ վճարված արբիտրաժային վճարը հայցվորի պահանջով վերադարձվում է վերջինիս:
3.5. Եթե հայցվորը նվազեցնում է հայցային պահանջների չափը մինչև արբիտրաժային տրիբունալի կողմից գործի վարույթ ընդունելը, ապա սույն կարգի 2.1. ենթակետի կարգավորումների հաշվառմամբ, վճարված արբիտրաժային վճարի՝ հայցային պահանջների նվազեցված մասին համապատասխանող մասը հայցվորի պահանջով վերադարձվում է վերջինիս:
3.6. Սույն կարգի 2.1. և 2.4. ենթակետերով սահմանված կանոնների՝ խախտմամբ՝ պակաս հաշվարկված և վճարված արբիտրաժային վճարը վճարվում է հայցվորի կողմից մինչև գործը արբիտրաժային տրիբունալի վարույթ ընդունելը, իսկ ավել հաշվարկված և վճարված արբիտրաժային վճարի ավել մասը հայցվորի պահանջով վերադարձվում է վերջինիս:
3․7 Եթե արբիտրաժային տրիբունալը ձևավորված չէ, ապա վճարված արբիտրաժային վճարի մասնակի վերադարձման մասին որոշումը կայացնում է Արբիտրաժային դատարանի նախագահը, իսկ արբիտրաժային տրիբունալը ձևավորված լինելու դեպքում, այն պետք է ամրագրվի արբիտրաժային տրիբունալի վճռի կամ արբիտրաժային վարույթն ավարտելու մասին որոշման մեջ։
3.8. Հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները՝ Արբիտրաժային դատարանի նախագահը կամ արբիտրաժային տրիբունալը կարող է որոշում կայացնել արբիտրաժային վճարի վերադարձման կամ սույն կարգում նախատեսված վերադարձման ենթակա գումարների չափերը փոփոխելու մասին:
- Արբիտրաժային ծախսերի բաշխումը կողմերի միջև
4.1. եթե այլ բան նախատեսված չէ կողմերի արբիտրաժային համաձայնությամբ, ապա անձը ում դեմ կայացվել է արբիտաժային վճիռը, կրում է արբիտրաժային ծախսերի հատուցման պարտականությունը։
4.2. Հայցը մասնակի բավարարելու մասին վճիռ կայացնելիս արբիտրաժային տրիբունալը հաշվանցում է հայցվորի և պատասխանողի կրած արբիտրաժային ծախսերը՝ դրա արդյունքով լրիվ կամ մասնակի ազատելով նրանց հակառակ կողմի կրած արբիտրաժային ծախսերի փոխհատուցման պարտականությունից
4.3. Արբիտրաժային վարույթի կողմերի կրած, ինչպես նաև վճարման ենթակա արբիտրաժային ծախսերի փոխհատուցման հարցը լուծելիս արբիտրաժային տրիբունալը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը: